«Ընդդիմության տեղը պետք չէ զբաղեցնել` ընդդիմությանը հայհոյելով». Արամ Կարապետյան
«Ընդդիմության տեղը պետք չէ զբաղեցնել` ընդդիմությանը հայհոյելով, լա՞վն է եղել, թե՞ վատը, խաբե՞լ է, չի՞ խաբել, ես կարծում եմ՝ ընդդիմությունն իր տեղը զբաղեցնում է կատարած աշխատանքով»,- պատասխանելով 168.am-ի հարցին՝ որքանո՞վ են արդարացի ընդդիմության հիմնավորումները՝ Նիկոլ Փաշինյանի՝ նախագահին իմպիչմենտի ենթարկելու նախագծին կրկին չմիանալու համար՝ նման տեսակետ հայտնեց «Նոր Ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը:
Հարցին՝ իսկ որքանո՞վ է տեղին հիմա նախագահին իմպիչմենտի ենթարկելը, Ա. Կարապետյանը պատասխանեց, որ իր տպավորությամբ՝ նմանատիպ երկրներում, ինչպիսին Հայաստանն է (երկրներ, որոնք այդքան երկարատև դեմոկրատիա չունեն), նախագահին իմպիչմենտի ենթարկելը նախապես հայտարարվում է հրապարակներում, հետո արդեն՝ խորհրդարաններում.
«Իրավական գործընթացը վերջնական գործընթացն է, որը ձևավորում է հրապարակներում իմպիչմենտի ենթարկված իշխանության իրավական գնահատականը: Այլ ճանապարհով գնալը, իմ կարծիքով, շատ անիմաստ է և պոպուլիստական քայլ է: Երբ մեզ՝ ամբողջ ընդդիմությամբ և հասարակությամբ, հաջողվի ռեալ իմպիչմենտի ենթարկել Սերժ Սարգսյանին և կառավարման համակարգը հրապարակներում, ապա, կարծում եմ՝ դրա կարիքը կարող է խորհրդարանում չլինի էլ: Բայց դուք էլ գիտեք, որ բոլոր դեմ քվեարկողները կողմ կքվեարկեն, եթե դրա կարիքը իսկապես զգացվի»:
AԱ. Կարապետյանը կարծում է՝ հիմա առավել անհրաժեշտ է զբաղվել հայկական տնտեսությամբ, պետությամբ, պատերազմական դրությամբ. «Ինչքան ես եմ լսում, Թուրքիան պատրաստվում է մեծ դերակատարություն ունենալ Անդրկովկասում, ա՛յ, սրանով է պետք զբաղվել, այլ ոչ թե ինչ-որ մեկին ծաղր ու ծանակի ենթարկել, կռվել, հետո իրար հետ բարիշել, չգիտեմ՝ իրար հետ ինչ կիսել»: