Հովիկ Աբրահամյանը՝ սահմանամերձ համայնքների մասին. «Մենք ամեն ինչ պետք է անենք, որպեսզի այդ համայնքների ազգաբնակչությունը որևէ խնդիր չունենա»
Այսօր ՀՀ կառավարության հերթական նիստում որոշում է ընդունվել ս.թ. հունվարի 5-12-ն ընկած ժամանակահատվածում տեղի ունեցած գնդակոծությունների հետևանքով վնասված բնակելի տների բնակիչներին պետական աջակցություն ցուցաբերելու նպատակով Տավուշի մարզպետարանին 2015թ. առաջին եռամսյակում հատկացնել մոտ 6.5 մլն դրամ: «Բերքաբեր, Բաղանիս, Բարեկամավան, Կոթի, Չինարի և Պառավաքար գյուղերի 134 բնակչի գույքի կորուստն ենք մենք վերակագնում,- ասել է վարչապետ Հովիկ Աբրահամյանը:- Բոլորդ գիտեք, որ սահմանամերձ համայնքները գտնվում են մեր ուշադրության կենտրոնում, և մենք ամեն ինչ պետք է անենք, որպեսզի այդ համայնքների ազգաբնակչությունը որևէ խնդիր չունենա»:
Վարչապետի խոսքով՝ սահմանամերձ համանքներին աջակցությունը շարունակական կլինի:
Մեկ այլ որոշմամբ սահմանամերձ համայնքների բնակիչներին բնական գազի, էլեկտրաէներգիայի, գույքահարկի և հողի հարկի փոխհատուցում տրամադրելու գլխավոր կարգադրիչ են դիտարկվել ՀՀ մարզպետարանները, իսկ ոռոգման ջրի վարձավճարի մասնակի փոխհատուցման գլխավոր կարգադրիչ՝ ՀՀ գյուղատնտեսության նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեն: Հովիկ Աբրահամյանը հիշեցրել է, որ կառավարությունը պարտավորվել է մասնակիորեն կամ ամբողջովին փոխհատուցել սահմանամերձ համայնքների բնակիչների հոսանքի, գազի, ջրի ծախսը, ինչպես նաև գույքահարկը: Այդ նպատակով հատկացվում է 928 մլն դրամ: