2015 թվականին ամենամեծ տնտեսական աճն աշխարհում կունենա Չինաստանը. Bloomberg

Bloomberg գործակալությունը հարցում է անցկացրել տնտեսագետ-փորձագետների շրջանում՝ պարզելու համար, թե տնտեսական աճի ցուցանիշով ովքեր կլինեն 2015 թվականի առաջատարները: Վարկանիշային աղյուսակի վերնամասում տեղ են զբաղեցրել Ասիայի ու Աֆրիկայի երկրները: Հետազոտությունն ընդհանուր առմամբ առնչվել է 57 երկրի:

Հետազոտության համաձայն՝ 2015 թվականին ամենաարագ աճող տնտեսությունը կունենա Չինաստանը, որի տնտեսությունն այս տարի կաճի 7 տոկոսով (նախորդ տարվա չորրորդ եռամսյակին այդ ցուցանիշը կազմել է 7.3 տոկոս): Երկրորդ և երրորդ տեղերը զբաղեցրել են Ֆիլիպիններն ու Քենիան:

Երկու երկրներում էլ ՀՆԱ-ի աճը կազմելու է ավելի քան 6 տոկոս: Վերլուծաբանների խոսքերով՝ Ֆիլիպինները նավթի գնանկումից գլխավոր շահառուներից մեկն է: Ինչ վերաբերվում է Քենիային, ապա այնտեղ տնտեսական աճի բարձր տեմպերը նախկինի նման ուղեկցվում են աղքատության ու գործազրկության չափազանց բարձր մակարդակով:

Առաջատար հնգյակում ընդգրկվել են Հնդկաստանն ու Ինդոնեզիան, որոնց ՀՆԱ-ն աճելու է ավելի քան 5 տոկոսով: Վարկանիշային աղյուսակի առաջին հինգ հորիզոնականում տեղ զբաղեցրած այս երկրները 2015 թվականին կապահովեն համաշխարհային ՀՆԱ-ի 16 տոկոսը:

Աֆրիկայի խոշորագույն տնտեսությունը՝ նիգերիականը, 2015 թվականին կաճի 4.9 տոկոսով (դա ցուցակի 6-րդ ցուցանիշն է): Արագ աճող երկրների տասնյակում ընդգրկվել են նաև Մալայզիան, Պերուն, Թայլանդն ու ԱՄԷ-ն: ԱՄՆ-ում տնտեսական աճը կանխատեսվում է 3 տոկոս, իսկ Մեծ Բրիտանաիայում 2.6 տոկոս մակարդակի վրա:

Տեսանյութեր

Լրահոս