Ադրբեջանցիներն արդեն 25 տարի լսում են Ղարաբաղն ազատագրելու մասին հեքիաթը. Զարդուշտ Ալիզադե

Minval.az-ի փոխանցմամբ` ադրբեջանցի քաղաքագետ Զարդուշտ Ալիզադեն, մեկնաբանել է ազգային արժույթ մանաթի կտրուկ (34 տոկոսով) արժեզրկումը.

«34 տոկոսով մանաթի արժեզրկումն աննախադեպ է երկրի պատմության մեջ: Փորձագետները երկար ժամանակ տագնապ էին բարձրացնում, ընդգծում էին տնտեսության դիվերսիֆիկացման անհրաժեշտությունը:  Մենք զգուշացրել ենք, որ չի կարելի մակաբույծներ դառնալ և ապրել նավթային «ձրի» եկամուտներով, որ չի կարելի գողանալ այդքան շատ:

Ադրբեջանում մեկ կիլոմետր խճուղի կառուցելը չի կարող եռակի թանկ արժենալ, քան` ԱՄՆ-ում: Ընդ որում` ամերիկացի աշխատողն ամսական ստանում է 5000 դոլար, իսկ մեր աշխատողը` 400 դոլար»:

Ալիզադեն չի բացառել, որ «վերևներում» կարող են լինել նաև բանիմաց մարդիկ, սակայն վերջին հաշվով որոշումն ընդունում են օլիգարխները, որոնք «սղոցում» են բյուջեն. «Պարզ էր, որ նավթի գինն ընկնելու է, և վաղ թե ուշ երկիրը բախվելու է արժութային պահուստների պակասին:

Սակայն իշխանությունները հրաժարվել են գիտակցել դա: Նրանց թվում է, որ եթե իրենք հարուստ են, ապա միաժամանակ նաև խելացի են, սակայն դա կատարելապես այդպես չէ: Ցորենի ներկրման մոնոպոլ իրավունք ստացած օլիգարխները խեղդել են տեղական արտադրությունը:

Ադրբեջանցի գյուղացին կարող էր այդ գներով աճեցնել ավելի լավ ցորեն, քան ռուսական կամ ղազախական ցորենն է: Սակայն նրանք պարզապես կործանել են գյուղատնտեսությունը, իսկ ներկայումս դոլարի հանդեպ ռուբլու արժեզրկումն ազդում է Ադրբեջանի վրա, և իշխանությունները հարկադրված են գնալ մանաթի արժեզրկմանը:

Մանաթի արժեզրկումը հարկադիր միջոց է ոչ թե տնտեսության դիվերսիֆիկացման, այլ` ժողովրդի փողերը հափշտակելու նախկին տեմպը պահպանելու համար: Եվրոպական խաղերի անցկացումն անհրաժեշտ է ոչ թե Ադրբեջանի ժողովրդին, այլ` Իլհամ Ալիևին ու նրա թիմին:

ԱՄՆ-ում մարզադաշտը կառուցվում է 6 միլիոնով, իսկ Ադրբեջանում` 15 միլիոնով: Ի՞նչ կտա մեզ այդ խաղերի հաջող անցկացումը: Օրինակ, Պուտինը Սոչիում հաջողությամբ անցկացրեց օլիմպիական խաղերը, սակայն ի՞նչ ստացավ ռուս ժողովուրդը: Այսօր լքված են Սոչիի մարզական օբյեկտները»:

Քաղաքագետը բացառել է այն տարբերակը, թե քաղաքական նոր իրավիճակը կարող է հանգեցնել Ղարաբաղյան պատերազմի նոր փուլի. «Ասում են, թե պայքարելու են կոռուպցիայի դեմ: Բայց ինչպե՞ս:

Ստացվում է, որ նրանք կանգնելո՞ւ են հայելու առջև և հարվածելո՞ւ են իրենց դեմքին: Այժմ մի քանիսին կազատազրկեն, կպատժեն և այլն: Սակայն ձեռնարկատերերը պարզապես հարկադրված կլինեն բարձրացնելու ապրանքների գները:

Կամ էլ պետք է հրաժարվեն կոռուպցիայից ու մեծ շահույթից: Թող Օկտայ Ասադովը հեքիաթներ պատմի մեկ ուրիշին, ժողովուրդն արդեն չի հավատում դրան: Ադրբեջանցիներն արդեն 25 տարի լսում են Ղարաբաղն ազատագրելու մասին հեքիաթը: Թող պատմի, թե ինչպես է ղեկավարել «Ազերսուն», թե ինչ հսկա գումարներ է յուրացրել այնտեղ:

Իշխանությունների համար Ղարաբաղը դարձել է ցատկահարթակ` իշխանությունը զավթելու համար: Ադրբեջանի ժողովուրդն արժանի չէ ավելի լավ իշխանության:

Մարդկանց մի անգամ հնարավորություն է ընձեռվել առաջնորդներ ընտրել, և նրանք ընտրել են խարդախներին: Պետությունը վերածվել է ճնշման գործիքի, որով խփում են ժողովրդին: Ադրբեջանի ժողովուրդը համբերատար է, դեռ 100 տարի էլ կհանդուրժի:

Նայե´ք մեր մտավորականության մակարդակին, երիտասարդների կրթական մակարդակին, հասարակ ժողովրդի գիտելիքներին, վարքագծին: Նրանց մոտ բացակայում է ազգային արժանապատվության տարրական զգացումը: Ի՞նչ եք ակնկալում այդպիսի ժողովրդից»:

Տեսանյութեր

Լրահոս