«Արևելյան գործընկերությունը» չպետք է բաժանարար նոր գծեր ստեղծի Եվրոպայում. Լուկաշենկո
Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Բելառուսը կարող է կարևոր դեր խաղալ եվրոպական անվտանգության ապահովման հարցում: Այս մասին այսօր Մինսկում եվրոպական արտաքին քաղաքական ծառայության գլխավոր քարտուղարի տեղակալ Հելգա Շմիդի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն.
«Բելառուսն այն օղակներից մեկն է, որոնք կարող են կարևոր դեր խաղալ եվրոպական անվտանգության ապահովման հարցում: Եվրոպայի կենտրոնում գտնվող երկիրը չի կարող չազդել այդ գործընթացների վրա»: Լուկաշենկոն հիշեցրել է եվրոպական երկրների միավորման համար «Արևելյան գործընկերություն» ծրագրի կարևորության մասին.
«Մենք մտել ենք այդ կազմակերպության մեջ՝ հուսալով, որ այն միմյանց կկապի Արևմուտքն ու Արևելքը: Մենք չպետք է ստեղծենք բաժանարար գծեր: Պետք է փնտրել շփման եզրեր ու միավորել պետությունները»:
Լուկաշենկոն կարծում է, որ լավ հեռանկար ունի «Լիսաբոնից Վլադիվոստոկ» ձևաչափով համագործակցությունը. «Բելառուսը պատրաստ է անել առավելագույնը՝ տվյալ նախագիծն արագացնելու համար: Կարծում եմ, որ մենք կարող ենք լուրջ երկխոսություն սկսել հարաբերություններ կառուցելու համար»:
Շմիդն իր հերթին հայտարարել է, որ ԵՄ-ը բարձր է գնահատում Ուկրաինայի արևելքում իրավիճակի կարգավորմանն ուղղված Բելառուսի ջանքերը. «Մենք շնորհակալ ենք այն ամենի համար, որը դուք անում եք տարածաշրջանի շատ բարդ ճգնաժամի կարգավորման համար»:
Շմիդը հայտարարել է, որ կիսում է Լուկաշենկոյի այն կարծիքը, որ «Արևելյան գործընկերությունը» չպետք է բաժանարար նոր գծեր ստեղծի Եվրոպայում. «Այն ստեղծվել է նրա համար, որ կայունություն ապահովի ողջ տարածաշրջանում»: