
Բերուչաշվիլին Բրյուսելում հանդիպելու է Սթոլթենբերգի հետ

Новости-Грузия լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Վրաստանի արտգործնախարար Թամար Բերուչաշվիլին այսօր մեկնել է Բրյուսել, ուր հանդիպելու է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգի հետ:
Սրանից առաջ Վրաստանի ԱԳՆ-ը հայտնել էր, որ փետրվարի 25-ին Բրյուսելում տեղի է ունենալու դեսպանների մակարդակով ՆԱՏՕ-Վրաստան հանձնաժողովի նիստը, որում քննարկվելու են Աբխազիայի ու Հարավային Օսիայի հանդեպ Ռուսաստանի գործողությունները: Հանդիպմանը մասնակցելու են Թամար Բերուչաշվիլին ու նրա առաջին տեղակալ Դավիթ Դոնդուան:
Փետրվարի 18-ին Ռուսաստանն ու Հարավային Օսիան ստորագրել են պետական սահմանի մասին պայմանագիր: Դրա հետ մեկտեղ նրանք մտադիր են ստորագրել նաև դաշնակցության ու ինտեգրման մասին պայմանագիր: Հունվարի 23-ին ՌԴ Պետդուման վավերացրել է «դաշնակցության ու ռազմավարական գործընկերության մասին» պայմանագիրը: