Հ. Նաղդալյանը՝ Լ. Զուրաբյանին. «Ես մինչև վերջ պայքարել եմ, ոչ թե ձեր՝ թուլամորթի նման, որ կեսից դուրս է եկել»
Այսօր ԱԺ նիստում Հայաստանում կառավարման ճգնաժամի նախագծի քննարկման ժամանակ իր եզրափակիչ ելույթից առաջ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը մեկ ժամ ընդմիջում խնդրեց, ինչը նախատեսված է ԱԺ կանոնակարգ օրենքի 55 հոդվածի 11-րդ կետով: Նա տեղեկացրեց, որ ՀՅԴ-ի հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել լրամշակելու փաստաթուղթը:
ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը հարցը դրեց քվեարկության, սակայն Զուրաբյանի խնդրանքը մերժվեց 7 կողմ, 7 դեմ, 1 ձեռնպահ ձայներով:
Դրանից հետո Լ. Զուրաբյանը կարդաց իր ելույթը՝ նշելով, որ քաղաքական մեծամասնությունը ռազմավարություն որդեգրեց, և կառավարման ճգնաժամից խոսելու փոխարեն խոսեց ընդդիմության ճգնաժամի մասին, տարբեր ուժեր միացյալ մանիֆեստ հռչակեցին՝ ճգնաժամի մեղավորն ընդդիմությունն է, հանրությանը միշտ տանում է իշխանափոխության, չի միանում Սերժ Սարգսյանի պաշտոնանակության պահանջին. «Զարմանալին այն է, որ կրկնում են տարբեր ճամբարների ներկայացուցիչներ՝ Շարմազանով, Բաղդասարյան, Մարուքյան, Փաշինյան, Նաղդալյան, Բաբուխանյան…»:
Զուրաբյանը հիշեցրեց ԵԽ-ում «Լեռնային Ղարաբաղում և Ադրբեջանի մյուս օկուպացված տարածքներում» վերնագրով զեկույցը և Նաղդալյանին մեղադրեց «անհեթեթ, անքաղաքակիրթ ելույթով Հայաստանի դաշնակիցներին մեր դեմ տրամադրելու և Ադրբեջանի ջախջախիչ հաղթանակի մեջ»:
Ելույթից հետո, ԱԺ կանոնակարգի համաձայն, այն գործիչները, ում անունը հնչեցրեց Զուրաբյանը, սկսեցին հակադարձել նրան:
«Ես պետք է ձեր նման կարճամիտ, անհեռատես քայլեր անեի՞: Հանձնաժողովը քննարկեց ու ձեր առաջարկը մերժեց: Ես էլ կարծում եմ, որ չի կարելի կարճաժամկետ, պահի խնդիրներ լուծել, ու միայն զեկույցի վերնագրին ուշադրություն դարձնել: Պետք է իմանալ ԵԽ ընթացակարգերը,- հայտարարեց Հերմինե Նաղդալյանն ու հավելեց,- Դա պայքար էր, դա մարտ էր, և ես մինչև վերջ պայքարել եմ, ոչ թե ձեր՝ թուլամորթի նման, որ կեսից դուրս է եկել»:
Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, թե անցած ուրբաթ ՀՀԿ խմբակցության ներկայացուցիչներն իր ներկայացրած նախագծի վերաբերյալ Գագիկ Ջհանգիրյանի ելույթից հետո ծափահարել էին, և դա պայմանավորեց Սարգսյան-Տեր-Պետրոսյան խողովակներով ձեռք բերված համաձայնությունների հետ: Նա նշեց, որ դա անցյալ է և պետք է առաջ ընթանալ:
Էդմոն Մարուքյանը Լ.Զուրաբյանին մեղադրեց իր ամբողջ ելույթի ընթացքում իրեն խանգարելու մեջ ու նշեց, որ չէիր տարբերվում Հանրապետականի ամենավատ պատգամավորներից: Ըստ նրա՝ շատ հետաքրքիր պրոցեսներ են ընթանում, դրանց մասին պետք է մտածել:
Էդուարդ Շարմազանովն էլ ցավ հայտնեց, որ Լ.Զուրաբյանը հայ տղամարդուն հարիր պահվածք չի դրսևորել: «Մեր սիրելի, գուցե և ձեր սիրելի Հրանտ Մաթևոսյանը ասում էր՝ անասունից մարդը տարբերվում է հիշողությամբ»,- ասաց նա ու հիշեցրեց 1992 թ. մարտի 5-ին Լևոն Տեր-Պետրոսյանի հարցազրույցը «Комсомольская правда» թերթին:
«Ձեր ելույթը ՀԱԿ-ի կարապի երգն էր»,- եզրափակեց նա: