
Վրաստանը կողջունի, եթե Մոսկվան նպաստի աբխազների ու օսերի հետ ուղիղ շփումների հաստատմանը. Աբաշիձե

Ռուսական РИА Новости լրատվական գործակալությանը տված հարցազրույցի ժամանակ Վրաստանի վարչապետի՝ Ռուսաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցերով հատուկ ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեն հայտարարել է, որ Վրաստանը դիտարկում է Աբխազիայի ու Հարավային Օսիայի հետ երկխոսության հնարավորություններն ու նոր ձևերը:
Աբաշիձեն ընդգծել է, որ իրենք կողջունեն Մոսկվայի ձգտումը՝ կապված նրանց հետ ուղիղ շփումներ հաստատելու հետ: Ավելի վաղ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Թբիլիսին պետք է ուղիղ շփումներ և քաղաքական երկխոսություն հաստատի Աբխազիայի ու Հարավային Օսիայի հետ: Պուտինը վստահեցրել էր, որ Մոսկվան պատրաստ է նպաստել դրան:
Աբաշիձեն հայտարարել է, որ եթե սկսվի երկխոսություն և իրականում Ռուսաստանը նպաստի դրան, որ մի կողմից իրենց և մյուս կողմից աբխազների ու օսերի միջև հաստատվի ուղիղ երկխոսություն, ապա իրենք կողջունեն դա:
Աբաշիձեն ընդգծել է, որ Վրաստանի իշխանությունները խաղաղ ճանապարհից բացի, անգամ չեն էլ դիտարկում Աբխազիայի ու Հարավային Օսիայի հետ մերձեցման այլ տարբերակ և մտածում են աբխազների ու օսերի հետ երկխոսության նոր ձևերի ու նոր հնարավորությունների շուրջ: