Ասոցացման համաձայնագիրը չի բարդացրել ռուս-վրացական հարաբերությունները. Աբաշիձե
Ռուսական РИА Новости լրատվական գործակալությանը տված հարցազրույցի ժամանակ Վրաստանի վարչապետի՝ Ռուսաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցերով հատուկ ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեն հայտարարել է, որ Վրաստանի ու ԵՄ-ի միջև Ասոցացման համաձայնագրի ստորագրումը բացասաբար չի ազդել ռուս-վրացական հարաբերությունների վրա:
Աբաշիձեն հիշեցրել է, որ Մոսկվայում տնտեսական բարդություններ էին ակնկալում Վրաստանի կողմից այդ համաձայնագիրը ստորագրելուց հետո, սակայն այդպես չեղավ և ռուս-վրացական առևտրային-տնտեսական հարաբերություններում չփոխվեց որևէ բան:
Աբաշիձեն ընդգծել է, որ իրենք կողմ են Ռուսաստանի հետ երկխոսության շարունակմանը: Նա հավելել է, որ երկու երկրներն էլ անցել են 2008-2012 թվականների բարդ փուլը, երբ դիվանագիտական հարաբերություններից հետո չեն եղել ուղիղ շփումներ և հնարավոր չի եղել որևէ հարցի կարգավորման համար զանգահարել ռուսական կողմին:
Աբաշիձեն ներկա փուլի համար ամենակարևորը համարել է այն, որ այժմ կա հաղորդակցային ուղի, որն իրենք օգտագործել են նաև արտակարգ պատահարների ժամանակ:
Նա հիշեցրել է, որ նախորդ տարի երկու անգամ փլուզում է գրանցվել Ռազմավիրական ճանապարհի՝ Դարյալ կիրճի հատվածում, ինչից տուժել են վրացիները, ռուսները, հայերը և այլք, և որ ինքն անմիջապես այդ դեպքերում հարցի լուծումը քննարկել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Գրիգորի Կարասինի հետ: