Նաղդալյան. «Ընդդիմությունն ասում է՝ «դուք գնացեք, որովհետև մենք ենք ուզում գալ», բայց ընտրողն այդպես չի ուզում»
Ընդդիմությունը նույնքան կառավարման մաս է կազմում, որքան իշխանությունը: Այսօր ԱԺ-ում՝ Հայաստանում կառավարման ճգնաժամի մասին նախագծի քննարկման ժամանակ նման հայտարարություն արեց ԱԺ փոխխոսնակ Հերմինե Նաղդալյանը:
Ըստ նրա՝ ճգնաժամի մասին պետք է խոսեին գոնե հանրահավաքների ընդմիջումների ժամանակ, բայց ընդդիմությունը չի գտել քաղաքական ճանապարհային քարտեզը: Նաղդալյանը հայտարարեց, թե ՀՀ-ում ճգնաժամ չկա, կան բազմաթիվ լուրջ ու քննարկման ենթակա հարցեր, որոնք իշխանությունը լուծում է:
Հ.Նաղդալյանի խոսքով՝ ընդդիմությունն ասում է՝ «դուք գնացեք, որովհետև մենք ենք ուզում գալ, բայց ՀՀ ընտրողն այդպես չի ուզում: Նա մեջբերումներ արեց միջազգային դիտորդների եզրակացություններից, որոնք դրական էին բնութագրում ՀՀ-ում անցկացված ընտրությունները: Միաժամանակ նա նշեց, թե, ըստ այդ եզրակացությունների՝ մի քանի ազդեցիկ կուսակցությունների կողմից թեկնածուի չառաջադրումը առաջացրել է հիասթափություն:
Նաղդալյանը հայտարարեց, թե Հայաստանը միջազգային ասպարեզում վստահելի, կանխատեսելի, բարձր վարկանիշով գործընկեր է, և ամեն ինչ պետք չէ իշխանության վզին փաթաթել: