«Քաղաքական ճգնաժամն արդեն անցել է». Ազատ Արշակյան

«Քաղաքական ճգնաժամն արդեն անցել է, եթե ԱԺ-ի ընդդիմադիր պատգամավորները մանդատները վայր դնեն, նրանք պետք է վստահ լինեն, որ հաջորդ ընտրություններում իրենք առնվազն իրենց մանդատները հետ կստանան: Ես կարծում եմ՝ հաջորդ ընտրություններում նրանք իրենց մանդատները չեն ստանա, որովհետև այս քանի տարիների իրենց քաղաքական գործունեությունն այդքան մեծ վստահություն չի ապահովել»,- 168.am-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց ԳԽ նախկին պատգամավոր Ազատ Արշակյանը՝ խոսելով ԲՀԿ-ի՝ ԱԺ քառօրյան բոյկոտելու, ընդդիմադիր պատգամավորների՝ մանդատները վայր դնելու դեպքում սպասվող քաղաքական ճգնաժամի մասին:

Ա. Արշակյանի խոսքով՝ ընդդիմության շարքերում այսօր շատ պատգամավորներ կան, որոնք միայն այն ժամանակվա իրավիճակի հանգամանքների շնորհիվ են դարձել պատգամավոր. «Իսկ դուք գիտեք, որ 2 անգամ նույն գետը չի կարելի մտնել: Այս անգամ կարող է իրենց բախտը չբերի, դրա համար քիչ հավանական է, որ ընդդիմադիր պատգամավորներն իրենց մանդատները վայր դնեն՝ արտահերթ ընտրություններ նախաձեռնելու նպատակով»:

Քանի որ, ըստ Ազատ Արշակյանի՝ քաղաքական ճգնաժամն արդեն անցել է, հետաքրքրվեցինք, թե կոնկրետ ո՞ր ժամանակահատվածում է Հայաստանում եղել քաղաքական ճգնաժամ: Ի պատասխան՝ նա ասաց. «Այն պահը, երբ «Բարգավաճ Հայաստանը» հայտարարեց, որ գնալու է մինչև վերջ, մինչև հանգուցալուծումը, երբ այն փակ դռների հետևում տեղի ունեցած բանակցությունների, քննարկումների ընթացքում տեղի ունեցավ լիցքաթափումը, տեղի ունեցավ այդ պայմանավորվածությունը: Մենք դեռ հստակ չգիտենք՝ ինչ պայմանավորվածություն է, բայց ակնհայտորեն դա արյունահեղություն չէ, դա քաոս չէ, դա ապակայունացում չէ»:

Ըստ Ա. Արշակյանի՝ այժմ հարկավոր է գնալ վերակառուցման, ուժերի վերադասավորման ճանապարհով և նախապատրաստվել հաջորդ ընտրություններին. «Լավ կլինի՝ եթե դրանք լինեն հերթական ընտրությունները, որպեսզի քաղաքական վերնախավը կարողանա վերադասավորվել, և նոր մարդիկ ներգրավվեն՝ նոր ժամանակներին, պահանջներին, հրամայականին համապատասխան»:

Կարդացեք նաև

 

 

Տեսանյութեր

Լրահոս