Կենտրոնական բանկը կառավարությանը չի հավատում
ՀՀ Կենտրոնական բանկը երեկ հրապարակել է Գնաճի հաշվետվությունը և 2015թ. դրամավարկային քաղաքականության ծրագիրը, որտեղ բավականին ուշագրավ կանխատեսումներ կան։ Իսկ ամենաուշագրավը անկասկած 2015 թվականի տնտեսական աճի կանխատեսումն է։
Այսպես, ըստ այդ փաստաթղթի, տնտեսական աճը 2015 թվականին գնահատվում է 0.4-ից 2.0% միջակայքում` հիմնականում պայմանավորված տնտեսության արտահանելի հատվածի աշխուժացմամբ։
Հիշեցնենք, որ ՀՀ 2015 թվականի պետբյուջեի հիմքում դրված է 4.2% տնտեսական աճի ցուցանիշ։ Ստացվում է, որ անգամ ամենալավատեսական սցենարի դեպքում՝ տնտեսական աճը բյուջեի ցուցանիշից առնվազն 2 անգամ ցածր է լինելու (ըստ Կենտրոնական բանկի գնահատականների)։
Ըստ ԿԲ կարճաժամկետ կանխատեսումների՝ 2015 թվականին թե՛ մասնավոր սպառումը և թե՛ մասնավոր ներդրումները կկրճատվեն։
«Տարվա ընթացքում նախատեսվող հարկաբյուջետային ազդակը (հաշվարկված նախորդ տարվա նկատմամբ) գնահատվում է փոքր ընդլայնող: 2015թ. կանխատեսվում է ապրանքների ծառայությունների արտահանման իրական աճ 7.0 – 9.0% միջակայքում, ապրանքների ծառայությունների ներմուծման իրական նվազում 4.0-6.0% միջակայքում, իսկ ֆիզիկական անձանց դրամական փոխանցումների մասով ակնկալվում է դոլարային արտահայտությամբ զուտ շուրջ 30% նվազում:
Հարկ է նշել, որ ռուսական ռուբլով ֆիզիկական անձանց դրամական փոխանցումները 2015 թ. կավելանան. կանխատեսվում է վերջինիս աճի տեմպերի դանդաղում»,- նշվում է ԿԲ փաստաթղթում: