
Չավուշօղլուն կրկնել է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման համար թուրքական նախապայմանը

Թուրքական Son dakika լրատվական կայքի փոխանցմամբ` Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն Կոսովոյի փոխվարչապետ և արտգործնախարար Հաշիմ Թաչիի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ, ի թիվս այլ հարցերի, անդրադարձել է նաև Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման խնդրին.
«Կովկասում կարգավորման համար անհրաժեշտ է պահպանել որոշակի պայմաններ: Դրանցից ամենագլխավորն Ադրբեջանի օկուպացված տարածքների ազատման հարցն է: Ցայսօր Հայաստանը որևէ քայլ չի գործել: Այդ պատճառով էլ, առանց հայտնի պայմանների ապահովման, խոսք չէր կարող լինել մեր կողմից արձանագրությունների վավերացման մասին»:
Հիշեցնենք, որ Մևլյութ Չավուշօղլուն հաջորդ շաբաթ ժամանելու է Ադրբեջան և քննարկելու է ԼՂ-ի խնդիրը: