Լարված իրավիճակ՝ Ախթալայում. Մաքսիմ Հակոբյանի եղբայրը ահաբեկել է ցուցարարներին
168.am-ը քիչ առաջ ահազանգ է ստացել Ախթալայում տիրող լարված իրավիճակի մասին: Հաղորդագրության մեջ ասված է. «Ախթալայում լարված իրավիճակ է: Հարյուրավոր բնակիչներ իրենց բողոքն են արտահայտում Ախթալայի Լեռնահարստացման կոմբինատի տնօրինությանը՝ պահանջելով վերականգնել նախօրեին անօրինական կերպով աշխատանքից ազատված մեկ տասնյակից ավելի աշխատակիցներին, վճարել իրենց աշխատավարձը, ինչպես նաև բարելավել աշխատանքային պայմանները:
ԼՀԿ տնօրեն Մարտիկ Հակոբյանը՝ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի նախկին տնօրեն Մաքսիմ Հակոբյանի եղբայրը, կոպիտ վերաբերմունք ցուցաբերելով խոչընդոտել է քաղաքացիների ահազանգով դեպքի վայր մեկնած «Civil voice» հասարակական կազմակերպության ներկայացուցիչների ու լրագրողների աշխատանքը: Նա պահանջել է հեռանալ տարածքից և չմիջամտել խնդին: Ցուցարարների ձեռքից վերցրել են նրանց բողոքն արտահայտող պաստառները, ինչպես նաև ահաբեկել և սպառնացել տեղացիներին:
Նշենք, որ Ախթալայի Լեռնահարստացման կոմբինատի աշխատակիցներն արդեն մի քանի օր է՝ ոտքի են կանգնել իրենց դժգոհությունը բարձրաձայնելու կապված կոմբինատի ղեկավարության հակաօրինական քայլերի հետ:
Բանն այն է, որ ԼՀԿ տնօրինությունը օրեր առաջ անօրինական ձևով աշխատանքից ազատել էր բազմաթիվ աշխատակիցների: Կոմբինատից նրանց տեղեկացրել էին, որ ազատված են աշխատանքից՝ աշխատանքի ժամանակ աշխատավայրը լքելու պատճառաբանությամբ: Մինչդեռ, իրականում աշխատակիցներին աշխատանքից հեռացնելու իրական պատճառը փետրվարի 14-ին շուրջ 150 ախթալացիների գործադուլն է եղել, ովքեր գործարանի տնօրինությունից պահանջում էին վճարել չվճարված աշխատավարձերը: Մանրամասները կհաղորդենք առաջիկայում»: