Հայկ Ալումյանը դիմել է ՀՀ նախագահի և ՀՀ կառավարության աշխատակազմ՝ պարզելու համար, թե ովքեր են մասնակցել Սուրիկ Խաչատրյանի որդու հարսանիքին

Բուդաղյանների փաստաբան Հայկ Ալումյանը լրագրողների հետ այսօրվա հանդիպման ընթացքում մեջբերեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի կողմից փետրվարի 12-ին ՀՀԿ խորհրդի նիստում արված հայտարարությունից մի հատված. «…շարունակում են նաև օդում կախված մնալ բազմաթիվ քրեական հանցագործություններ պրոֆեսիոնալ կերպով քողարկելու մեխաիզմ հիմնելու մասին չստուգված լուրերը»։

Մեջբերումն ընթերցելուց հետո Բուդաղյանների փաստաբանն ասաց, որ քողարկման մեխանիզմներից մեկն էլ աշխատել է Բուդաղյանների գործում՝ Ավետիք Բուդաղյանի սպանության և Արտակ Բուդաղյանին ծանր մարմնական հրազենային վնասվածք հասցնելու գործում։ «Պրոֆեսիոնալ քողարկման մեխանիզմներն ընթացքի մեջ են դրվել այդ դեպքից տառացիորեն ժամեր հետո։ Քրեական գործի նյութերին ծանոթանալն ինձ հնարավորություն է տալիս պնդելու, որ այդ պրոֆեսիոնալ քննարկման մեխանիզմները աշխատել են բառացիորեն դեպքից ժամեր անց և մինչև այսօր աշխատում է՝ հնարավորություն տալով այդ հանցագործությունը քողարկելու»,- ասաց Հայկ Ալումյանը։

Նա տեղեկացրեց, որ Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակում են քննվել իրենց բողոքները՝ Սուրիկ Խաչատրյանի որդու Տիգրան Խաչատրյանի և Զարզանդ Նիկողոսյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին ոոշումների դեմ իրենց բողոքները։

Իսկ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է քննվել Արտակ Բուդաղյանի վերաբերյալ քրեական գործը։ Փաստաբանը տեղեկացրեց, որ իրենք օրենքով չարգելված բոլոր միջոցներով պայքար են մղում «հանցագործությունների պարտակման քողարկված մեխանիզմների դեմ, և կպայքարեն այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ կլինի այդ մեխանիզմները բացահայտել կարողանալու գործի իրական հանգամանքների բացահայտման և իրական մեղավորներն քրեական պատասխանատվությանը հասնելու համար»։

Կարդացեք նաև

«Հիմա արդեն իրական մեղավորներ ասելով մենք նկատի ունենք ոչ միայն նրանց, ովքեր 2013 թվականի հունիս 1-ին դեպքի մեղավորներն են, այսինքն՝ կրակոցների և սպանության և ծանր մարմնական վնասվածքների, այլ նաև նրանց մասին է խոսքը, ովքեր և ում «ջանքերի» շնորհիվ մեկ տարի ու կես է արդարարադատությունը չի իրականանում»։

Ասուլիսի ընթացքում Հայկ Ալումյանը տեղեկացրեց, որ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Արտակ Բուդաղյանի վերաբերյալ քննվող քրեական գործով պարզվել են բազմաթիվ հանգամանքներ, նրա խոսքով դատարանում Խաչատրյաններն ամեն ինչ անում են, որպեսզի չպատասխանեն իրենց հարցերին։ Հայկ Ալումյաի խոսքով՝ դատական նիստերի ընթացքում գործով վկաները հայտնել են, որ Սուրիկ Խաչատրյանի ննջարանի պատուհանները նայում են դեպի դեպքի վայր։

Փաստաբանի տեղեկացմամբ, այս դեպքում էլ վկաները շարունակում են պնդել, որ Սուրիկ Խաչատրյանը դեպքը չի տեսել, չի արթնացել, չի կրակել։ Փաստաբանը տեղեկացրեց նաև, որ դեպքի օրը հնչած կրակոցների արդյունքում հրազենային վնասվածք է ստացել Սուրիկ Խաչատրյանի ազգականներից մեկը՝ Նիկոլայ Աբրահամյանը։

Նրա խոսքով՝ նախաքննական մարմինը նշում է, թե այդ ծանր մարմնական վնասվածքը հասցվել է դեպքի օրը սպանված Ավետիս Բուդաղյանի կրակոցից։ Սակայն փաստաբանը նշեց, որ իրենց մոտ հարց է առաջանում, թե՝ ինչո՞ւ է նախաքննական մարմինը որոշել, որ նա վնասվել է Ավետիս Բուդաղյանի կրակոցից այն դեպքում, եթե մինչև այժմ գնդակը չի հանվել Նիկոլայ Աբրահամյանի մարմնից։

Փաստաբանի խոսքով, բժիշկները պատճառաբանում են, թե գնդակը Նիկոլայ Աբրահամյանի մարմնից չհանելը պայմանավորված է նրանով, որ կարող է նրա առողջությանը վնաս հասցնել։ Ըստ Ալումյանի՝ իրենք Նիկոլայ Աբրահամյանի բժշկակական փաստաթղթերը ներկայացրել են վիրաբույժի, ով նշել է, որ գնդակը հանելու դեպքում կարող է վնասել վերջինիս առողջությունը, սակայն միևնույն ժամանակ նշել է, որ ինքը անպայման այդ գնդակը կհաներ Նիկոլայ Աբրահամյանի մարմնից՝ ելնելով հիվանդի առողջական վիճակից։

«Նիկոլայ Աբրահամյանին համոզել են, որ դա շատ վտանգավոր է նրա առշողջության համար, բայց այդ գնդակը հանելը, ես կարծում եմ, վտանգավոր է այն վարկածի համար, որ այսօր նախաքննական մարմինը ունի, թե այդ կրակոցը արձակված է Ավետիք Բուդաղյանի կողմից»,- ասաց փաստաբանը՝ նշելով, որ լուրջ հիմքեր ունեն մտածելու, որ այդ գնդակը հանվի Նիկոլայ Աբրահամյանի մարմնից, ապա հաստատվելու է, որ այն չի արձակվել Ավետիք Բուդաղյանի կողմից։

Փաստաբանը տեղեկացրեց նաև, որ այդ գնդակի չափերը չեն համապատասխանում Ավետիք Բուդաղյանի, ինչպես նաև այն զենքին, որից կրակել է Տիգրան Խաչատրյանը։

Հայկ Ալումյանը տեղակցրեց, որ իրենք մոտ 3 շաբաթ առաջ դիմել են ՀՀ նախագահի աշխատակազմին, կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարին, ինչպես նաև ՀՀ արդարադատության նախարարին՝ խնդրելով հերքել կամ հաստատել մամուլում տարածված այն տեղեկությունները, որ նրանք մասնակցել են Սուրիկ Խաչատրյանի որդու հարսանիքին։

Ըստ փաստաբանի, մինչ այժմ իրենք պատասխան չեն ստացել իրենց դիմումներին։ Փաստաբանն ասաց, որ ցանկացած դատավոր իր մասնագիտական գործունեության ընթացքում լիովին կախված է Հանրապետության նախագահից և բավական մեծ չափով Արդարադատության նախարարից, ով դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու իրավունք ունի։

«Հիմա նայեք գործին այն դատավորի տեսանկյունից, ով քննում է գործը և ով մամուլում կարդում է, որ Հանրապետության նախագահը և Արդարադատության նախարարը մասնակցել են մի մարդու հարսանիքին, ում նկատմամբ քրեական հետապնդում իրականացնելու-չիրակնացնելու հարց է քննարկում։ Չէ՞ որ մենք գիտենք, որ որևէ մեկի հարսանիքին գնալը նշանակում է, որ դու այդ մարդուն ընկալում ես որպես քեզ շատ մոտ, շատ մտերիմ մարդ»։

Փաստաբանն ասաց, որ չի պատկերացնում, թե ինչպես կարող է դատավորն անպաշտպան ձևով քննարկել Տիգրան Խաչատրյանին քրեական պատասխանատվությունից ազատելու հարցի և դրա դեմ բերված բողոքը։

«Եթե ՀՀ նախագահը մասնակցել է նրա հարսանիքին՝ դրանով իսկ ցույց տալով, թե իրենք նրան համարում են իրենց մտերիմը»։

Փաստաբան Հայկ Ալումյանը տեղեկացրեց, որ իրենք հնարավորությմուն կունենան դիմել Մարդու իրավունքների Եվրոպական դատարան՝ առանց սպառելու մեր պետական ատյանները, քանի որ բացառություն են կազմում այն դեպքերը, երբ մեր պետական ատյանները այս կամ այն գործով արդյունավետ պաշտպանության միջոց չեն։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս