«Տեր-Պետրոսյանը փորձում է արդարացնել Եռյակի նախաձեռնած պայքարը Ցեղասպանության 100-ամյա տարելիցի տարվա ընթացքում». Բորիս Նավասարդյան

Երևանի մամուլի ակումբի ղեկավար Բորիս Նավասարդյանը ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի նամակը համարում է նրա ներքաղաքական գործողություններն արդարացնելուն ուղղված քայլ: Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց ինքը՝ Բորիս  Նավասարդյանը` նամակի առնչությամբ մի քանի հակասություններ մատնանշելով:

Նրա դիտարկմամբ՝ եթե պետք է նման առաջարկ հրապարակվեր, ապա որքանո՞վ էր ճիշտ մինչ այդ հանդես գալ 100-ամյա տարելիցին նվիրված հռչակագրի մասին վիրավորական երանգներ պարունակող անդրադարձով, հանձնաժողովի ձևավորում հնարավոր կլինե՞ր նույնիսկ մինչև փետրվարի 12 ձևավորված ներքաղաքական սուր հակամարտության պայմաններում, արդյո՞ք նախատեսվող «հրադադարը» համաձայնեցվել էր Եռյակի ու մասնավորապես ԲՀԿ-ի հետ, կարելի՞ է ենթադրել, որ ՀԱԿ-ը պատրաստ է առանձին հարցերով «սեպարատ» երկխոսություն վարել իշխանությունների հետ և արդյո՞ք դա չէր խանգարի Եռյակի շրջանակներում համագործակցությանը:

Բորիս Նավասարդյանի կարծիքով` նամակի հրապարակման իմաստն այն է, որ չի կարելի անտեսել այն մտահոգությունները, որոնք կան հասարակության մի մասի մոտ առ այն, որ ներքաղաքական սրացումներն աննպաստավոր մթնոլորտ են ձևավորում Ցեղասպանության 100-ամյա տարելիցին նախատեսվող միջոցառումների պայմաններում: Բնականաբար, ըստ նրա, ընդդիմադիր քաղաքական ուժերի ներկայացուցիչները, առաջնորդները նաև ցանկանում են ցույց տալ, որ գիտակցում են, որ նման խնդիր գոյություն ունի, ուստի նույնիսկ որոշակի նախաձեռնություններով են հանդես գալիս այդ խնդրի ուղղությամբ իրենց մտահոգությունը ցույց տալու համար:

«Լևոն Տեր-Պետրոսյանը ցանկանում է ինչ-որ տեղ արդարացնել Եռյակի նախաձեռնած քաղաքական պայքարը նրանով, որ իրենք նկատի ունեն այդ խնդիրը, իրենք գիտակցում են այդ խնդիրը, բայց միևնույն ժամանակ, հաշվի առնելով Սերժ Սարգսյանի սուր քննադատությունը ԲՀԿ-ի առաջնորդի նկատմամբ, այլ ճանապարհ չի մնացել, քան հանրահավաք կազմակերպելը»,- ասաց Բորիս Նավասարդյանը: Վերջինիս կարծիքով` նամակը կարելի է որակել նաև դեմքը փրկելուն ուղղված քայլ, եթե բացասական դիրքերից դիտարկենք, իսկ եթե դրական` քաղաքական վարքագծի որոշակի բացատրություն և հասարակության հետ կիսվելու փորձ:

Հիշեցնենք, որ ԶԼՄ-ներում տարածվել է ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի նամակն ուղղված ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին, որում առաջին նախագահը, իր դիտարկումներով, գործնական առաջարկով է հանդես գալիս, ցանկանում հանդիպել Սերժ Սարգսյանի հետ «Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի համահայկական հռչակագրի» բովանդակության վերաբերյալ մտքերի փոխանակման համար: Նախկին նախագահը նաև առաջարկում է խորհրդակցական հանձնաժողով ստեղծել, որի խնդիրը լինի Ցեղասպանության հարցում Հայաստանի Հանրապետության դիրքորոշման վերջնական հստակեցումը։ Ի դեպ, ինչպես տեղեկացնում է Լևոն Տեր-Պետրոսյանն, նամակը պետք է հրապարակվեր փետրվարի 13-ին այնինչ ՀՀԿ Խորհրդի նիստում Սերժ Սարգսյանի ելույթը փոխել է ծրագրերը և այն հրապարակվել է փոքր ինչ ուշացումով:

Տեսանյութեր

Լրահոս