
Թուրքիայում պարտադիր զինծառայությունից ազատվելու համար 200.000 մարդ պետությանը վճարել է 1.5 միլիարդ դոլար

Թուրքական Internet Haber լրատվական կայքի փոխանցմամբ՝ Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուն մասնավոր ինքնաթիռով մեկնել է Պակիստան: Թռիչքից առաջ Անկարայի «Էսենբողա» օդանավակայանում լրագրողների հետ զրույցում Դավութօղլուն անդրադարձել է վճարի դիմաց զինծառայությունից ազատվելու խնդրին.
«Պաշտպանության նախարար Իսմեթ Յըլմազի ներկայացրած զեկույցի համաձայն՝ ներկա դրությամբ ստացվել է վճարի դիմաց զինծառայությունից ազատվելու 203.824 հայտ: Նրանք վճարել են 3 միլիարդ 668 միլիոն 832 հազար լիրա (1 դոլարը հավասար է 2.45 լիրայի):
Այդ գումարները կուղղվեն Պաշտպանական արդյունաբերության հիմնադրամ: Այդ գումարները կօգտագործվեն Թուրքիայի պաշտպանության ուժեղացման նպատակով»: Դավութօղլուն չի բացառել, որ հետագայում կարող է աճել այդպիսի հայտերի թիվը:
Հիշեցնենք, որ Թուրքիայի խորհրդարանը վճարի դիմաց զինծառայությունից ազատվելու մասին օրինագիծը հաստատել է 2014 թվականի դեկտեմբերի 10-ին: Դրա համաձայն՝ 2014 թվականի դեկտեմբերի 31-ից պարտադիր զինծառայությունից ազատվելու համար պետությանը պետք է վճարել 18.000 լիրա: