Մաքքեյնն Ինտերպոլին կոչ է արել միջազգային հետախուզում չհայտարարել Սաակաշվիլու նկատմամբ

Грузия Online-ի փոխանցմամբ՝ ամերիկացի ազդեցիկ սենատոր Ջոն Մաքքեյնը դիմել է Ինտերպոլին, ինչը կապված է նրա հետ, որ Վրաստանի իշխանությունները նույնպես դիմել են այդ կառույցին՝ երկրի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլու նկատմամբ «կարմիր շրջաբերականով» հետախուզում հայտարարելու համար:

Մաքքեյնի դիմումը հրապարակել է Սաակաշվիլու փաստաբան Օտար Կախիձեն: Իր դիմումում սենատորը Ինտերպոլի գլխավոր քարտուղարին կոչ է արել Սաակաշվիլու նկատմամբ միջազգային հետախուզում հայտարարելուց առաջ վերանայել պահանջը, քանի որ ԵԱՀԿ-ի հաշվետվությունում նշված է, որ Վրաստանում պարբերաբար խախտում են օրենքը:

Մաքքեյնն ընդգծել է, որ Ինտերպոլը վճռորոշ դեր է խաղում աշխարհում «կրիմինալի» դեմ պայքարի հարցում, սակայն իրեն մտահոգում է Սաակաշվիլուն Ինտերպոլի կողմից հետախուզվող անձանց ցանկում ընդգրկելու մասին Վրաստանի ներկայիս իշխանությունների պահանջը:

Մաքքեյնի խոսքերով՝ եթե Ինտերպոլը բավարարի այդ պահանջը, ապա դա վնաս կպատճառի նրա իմիջին: Մաքքեյնը կարծում է, որ կարելի է հավատալ այն մեղադրանքներին, որ Վրաստանում Սաակաշվիլու գործով չեն իրականացվել քննչական ճիշտ ընթացակարգեր, ինչի մասին վկայում է նաև ԵԱՀԿ-ը.

«Ինտերպոլին վստահելու համար շատ էական է, որ նրա համակարգը չօգտագործվի քաղաքական նպատակներով»:

Հիշեցնենք, որ նախորդ տարեվերջին Վրաստանի գլխավոր դատախազ Գեորգի Բադաշվիլին խոստացել էր անել անհրաժեշտ ամեն բան, որպեսզի հայրենիքում քրեական մի շարք գործերի շրջանակներում մեղադրվող Միխեիլ Սաակաշվիլու հանդեպ հետախուզում հայտարարվի Ինտերպոլի «կարմիր շրջաբերականով»:

Տեսանյութեր

Լրահոս