«Ֆինանսական բուրգի» գործով դատաքննությունն ավարտվեց

Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր ավարտվեց «ֆինանսական բուրգի» գործով դատաքննությունը: Դատարանն անցավ դատական վիճաբանությունների փուլին. մարտի 12-ին կայանալիք դատական իստի ընթացքում ճառով հանդես կգա գործով մեղադրողը:

Մինչ այդ դատարանը բավարարեց ամբաստանյալ Արթուր Անդրեասյանի պաշտպանի միջնորդությունը՝ անթույլատրելի ճանաչել գործով տուժողներից մեկի կողմից նախաքննությունն իրականացնող մարմնին ներկայացված և ապացույց ճանաչված խոսակցության ձայնագրությունը, ինչպես նաև դրա հիման վրա կատարված փորձաքննության եզրակացությունը:

Փաստաբանի խոսքով՝ այդ ապացույցների ուսումնասիրությունից հետևում է, որ տուժողն, առանց համապատասխան իրավունքներով և լիազորություններով օժտված լինելու, ձայնագրել է իր և Արթուր Անդրեասյանի խոսակցությունը և այն ներկացրել նախաքննության մարմնին, որն էլ այն ապացույց է ճանաչել: Փաստաբանը վկայակոչեց վճռաբեկ դատարանի որոշումներից մեկը, և նշեց, որ նույն իրավիճակում տուժողի կողմից ներկայացվել է սկավառակ, որն ապացույց է ճանաչվել, դրա հիման վրա փորձաքննություն է իրականացվել, սակայն վճռաբեկ դատարանը հանգել է այն հետևության, որ այդ փորձաքննության եզրակացությունը թույլատրելի ապացույց չէ, քանի որ եզրակացության հիմքում ընկած փաստական տվյալները՝ լազերային սկավառակի բովանդակություն կազմող տեղեկությունները, ձեռք են բերվել օրենքի պահանջների խախտմամբ, իսկ օրենքի խախտմամբ ձեռք բերված ապացույցների օգտագործման սահմանադրական արգելքը վերաբերում է նաև դրանցից բխող ապացույցներին:

«Վերոգրյալ փաստերի և օրենսդրական նորմերի և Վճռաբեկ դատարանի որոշման վերլուծությունից հետևում է, որ նշված ապացույցները համարվում են անթույլատրելի ապացույց, քանի որ այն ձեռք է բերվել սույն գործով տուժող Արտակ Գալստյանի կողմից, այսինքն՝ սույն քրեական գործով քրեական դատավարություն իրականացնելու, համապատասխան քննչական կամ այլ դատավարական գործողություն կատարելու իրավունք չունեցող անձի կողմից և առանց դատարանի համապատասխան որոշման»,- ասաց փաստաբանը:

Դատական այսօրվա նիստում մերժվեց Արթուր Անդրեասյանի  պաշտպանի միջնորդությունը՝ տուժող Արտակ Գալստանյանին լրացուցիչ հարցաքննելու վերաբերյալ: Դատարանում այսօր հայտարարությամբ հանդես եկավ նաև ամբաստանյալ Արթուր Անդրեասյանը. նա մատնանշեց գործով տուժող Արտակ Գալստանյանի կողմից իր կարծիքով կատարված խախտումներ. նա դատարանին խնդրեց օրենքով սահմանված կարգով դիմել ՀՀ գլխավոր դատախազին՝ իր կողմից նշված փաստերը քննելու համար և «եթե Ա. Գալստյանի արարքում առկա լինի հանցագործություն, ապա լուծել նրա քրեական պատասխանատվության հարցը»:

Հիշեցնենք, որ Արթուր Անդրեասյանին «մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա բուքմեյքերական գործունեությամբ և արտարժույթի առուվաճառքով զբաղվելու արդյունքում հայտնվելով փաստացի անվճարունակ վիճակում, 2010թ. հունիսին որոշել է ՀՀ ԿԱ ոստիկանությունում ղեկավար պաշտոններ զբաղեցնող գնդապետ Կարեն Բաբակեխյանի, գեներալ-մայոր Ներսես Նազարյանի, վերջինիս որդու Երևան քաղաքում գործող «Մոսկվիչկա» խանութների ցանցի սեփականատեր Արմեն Նազարյանի, ինչպես նաև նրանց ընտանիքների անդամների հետ ունեցած մտերմության ու դրանով պայմանավորված իր անձի նկատմամբ շրջապատում ձևավորված վստահության շահարկմամբ խաբեության և վստահությունը չարաշահելու եղանակով ձեռնարկատիրական գործունեության մեջ ներդնելու և դրա դիմաց շահույթներ ստանալու պատրվակով հափշտակել տարբեր քաղաքացիների առանձնապես խոշոր չափերով գումարները և ձեռք բերել իրավունք նրանց անշարժ գույքի նկատմամբ»։

Տեսանյութեր

Լրահոս