Ստեփանակերտի Հանրապետական հիվանդանոցի Անգիոգրաֆիկ կենտրոնում նոր սարքավորումներ կտեղադրվեն
Ստեփանակերտի Անգիոգրաֆիկ կենտրոնը գործում է անցած տարվա նոյեմբերի 14-ից։
Ստեղծման օրվանից առ այսօր անգիոգրաֆիկ կենտրոնի ծառայություններից օգտվել են շուրջ 90 հիվանդ, որից մոտ 30-ը ստենտավորվել են։
Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում տեղեկացրեց Ստեփանակերտի Հանրապետական բժշկական կենտրոնի անգիոգրաֆիկ կենտրոնի ինվազիվ ծառայության ղեկավար, բժիշկ-սրտաբան Կարեն Ալբերտյանը, ում համոզմամբ, բժշկական այս միջամտությունը հնարավորություն է ընձեռում մեծամասամբ կանխել սրտային հիվանդությունների հետևանքով առաջացող մահացություններն ու հաշմանդամությունը: Կենտրոնում սրտի ստենտավորումից բացի, տեխնիկապես հնարավորություն կա բուժծառայություններ մատուցել ոտքի և ձեռքի զարկերակների սուր տրոմբոզի դեպքերում։
«Ինվազիվ կենտրոնը հագեցած է ժամանակակից սարքավորումներով։ Մասնավորապես տեղադրված է գերմանական «Սիմենս» ընկերության վերջին սերնդի անգիոգրաֆ, որի տեխնիկական հնարավորությունները թույլ են տալիս պարզորոշ տեսնել մարդու ցանկացած անոթ, կատարել ներանոթային միջամտություններ՝ անգիոգրաֆիա, ստենտավորում, ինչպես սրտի անոթների, այնպես էլ՝ այլ օրգանների»,- մանրամասնեց Կ. Ալբերտյանը ՝ նշելով, որ կենտրոնում աշխատում են վերապատրաստված, հմուտ մասնագետներ։ Փորձի փոխանակման շրջանակներում կենտրոն են այցելել նաև Երևանի «Էրեբունի» ԲԿ-ի առաջատար մասնագետներ։ Ստեփանակերտի անգիոգրաֆիկ կենտրոնը աշխատում է 24-ժամյա ռեժիմով:
«Ըստ իս, կարողանում ենք լիարժեքորեն իրականացնել մեր առջև դրված խնդիրները՝ կապված հիվանդների ախտորոշման և բուժման հետ։ Հիվանդների, միայն որոշ խմբեր, որոնք սրտային բաց վիրաբուժության հետ կապված խնդիրներ ունեն, մեր ախտորոշումից հետո, ուղարկվում են Երևան՝ վիրահատվելու։ Համապատասխան պայմաններում հիվանդին տեղափոխելու համար, տրամադրում ենք նաև շտապօգնության հատուկ մեքենան՝ ռեոնոմոբիլը»,- ասաց բժիշկ-սրտաբանը՝ հավելելով, որ ստենտի տեսակով ու գնով պայմանավորված, պետությունը ֆինանսավորում է ընդհանուր արժողության 60- 70 տոկոսը, իսկ գումարի մնացորդը վճարում է հիվանդը։
Ինվազիվ ծառայության ղեկավարի հաղորդմամբ, համապատասխան մասնագետների վերապատրաստումից հետո, նախատեսվում է նաև սրտի արհեստական ռիթմավար սարքերի տեղադրում անգիոգրաֆիկ կենտրոնում՝ ինվազիվ ծառայության լիարժեք շրջանակ ունենալու նպատակով։ Առաջիկայում անգիոգրաֆիկ կենտրոնի մասնագետները հանդիպումներ կունենան հանրապետության շրջանների բուժանձնակազմերի հետ՝ նրանց իրազեկելու կենտրոնի կողմից մատուցվող բուժծառայության և հնարավորությունների մասին։