Լյուդմիլա Սարգսյան. «ԲՀԿ-ն ամենակոնստրուկտիվն է եղել քաղաքական դաշտում՝ ի տարբերություն ՀԱԿ խմբակցության»

ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր, Վերակազմյալ ՍԴՀԿ ատենակալ Լյուդմիլա Սարգսյանի մոտ նախագահ Սերժ Սարգսյանի՝ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին ուղղված ելույթից այնպիսի տպավորությունն է ստեղծվել, որ Ս. Սարգսյանը երկրի բոլոր ձախողումների մեջ մեղադրում է Գագիկ Ծառուկյանին. «Կարծես թե այսօր և տարիներ առաջ ՀՀ նախագահը Գագիկ Ծառուկյանն է եղել»:

Նա նկատեց, որ երբ ներկայացվում էր, թե դա Ս. Սարգսյանի ծրագրային ելույթն էր, այնպես չէ, որ նախագահը մասամբ անդրադարձավ Գագիկ Ծառուկյանին, այլ ամբողջ ելույթը նվիրված էր ԲՀԿ առաջնորդին և նրան վարկաբեկելուն.

«Եթե մենք նույն կերպ չենք վարվում իր անձի հետ, որը նույնպես բազմաթիվ պիտակների արժանի մարդ է, և ժողովրդի մեջ շրջանառվում են այդ պիտակները, դա նրանից չէ, որ մենք իրեն ենք հարգում, մենք ինքներս մեզ ենք հարգում, դրա համար մենք մեզ նման բան թույլ չենք տալիս:

Նա իջավ այն մակարդակի, որ փորձեց փողոցային խոսակցությունների մակարդակում տղայական մարտահրավեր նետել Գագիկ Ծառուկյանին»:

Ըստ ՀԱԿ պատգամավորի՝ «Բարգավաճ Հայաստանը» ամենակոնստրուկտիվն է եղել քաղաքական դաշտում՝ ի տարբերություն ՀԱԿ խմբակցության. «Մենք շատ ավելի ծայրահեղ գնահատականներ ենք տվել, և մեր պահանջներն իշխանությունից շատ ավելի ծայրահեղ են եղել: Մենք մշտապես պահանջել ենք Սերժ Սարգսյանի հրաժարականը, «Բարգավաճ Հայաստանը» և Գագիկ Ծառուկյանը փորձել են ամեն կերպ զուսպ կեցվածք ընդունել, բայց ստացվում է, որ եկավ մի պահ, երբ այլևս դա շարունակել հնարավոր չէր»:

Նա նշեց, որ եռյակի համաժողովում քննարակվեց երկրում ստեղծված իրավիճակը, և թե ինչու է Սերժ Սարգսյանը այս իրավիճակում որոշել նախաձեռնել Սահմանադրական բարեփոխումները. «Որովհետև ինքն ուզում է վերարտադրվել: Ինքը փորձեց համընդհանուր կոնսոլիդացիա ստեղծել Սահմանադրական փոփոխությունների շուրջ, բայց դա նրան չհաջողվեց: Համաժողովը փաստեց, որ կոնսոլիդացիա էր ընդդեմ Սահմանադրական բարեփոխումների, դա արդեն այն սահմանն էր, որ Սերժ Սարգսյանն ուղղակի հիստերիայի մեջ ընկավ»:

Լ.Սարգսյանը կարծում է՝ նախագահի այդ ելույթը ցույց տվեց, որ մենք չունենք կայացած նախագահ. «Սերժ Սարգսյան անձը, որպես այդպիսին, կայացած չէ, և նա իր ելույթով ամբողջ ազգին մարտահրավեր նետեց:

Մարտահրավերը նետված է, Գագիկ Ծոռուկյանը ընդունել է մարտահրավերը: Պետք է ասեմ՝ Գ. Ծառուկյանը իր ելույթով ցույց տվեց, որ ինքը կայացած քաղաքական գործիչ է, կայացած գործարար է, որ ինքը կայացած մարդ է, և Սերժ Սարգսյանի ճանապարհին լրջագույն խոչընդոտ է: Հակառակ դեպքում՝ Սերժ Սարգսյանն այդքան մեծ կարևորություն չէր տա Գագիկ Ծառուկյան անձին: Նա դրանով փաստեց՝ Գագիկ Ծառուկյանի և ընդդիմադիր ուժերի իրական կայացվածությունը ու վտանգն իր վերարտադրության ճանապարհին»:

Մանրամասները՝ տեսանյությում:

 

Տեսանյութեր

Լրահոս