Վիկտորյա Նուլանդն Իլհամ Ալիևի ու Էլմար Մամեդյարովի հետ քննարկել է ԼՂ-ի հարցը
Ադրբեջանական Turan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ պետքարտուղարի՝ Եվրոպայի ու Եվրասիայի հարցերով օգնական Վիկտորյա Նուլանդն այսօր առավոտյան Բաքվում հանդիպումներ է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ու Էլմար Մամեդյարովի հետ:
Նուլանդն այդ հանդիպումների արդյունքներով ԱՄՆ դեսպանատանը կազմակերպված ճեպազրույցի ժամանակ հայտարարել է, որ շատ լավ, բովանդակալից ու անկեղծ բանակցություններ է վարել Ալիևի ու Մամեդյարովի հետ. «Այդ հանդիպումներում իմ գլխավոր ուղերձն այն է, որ մենք շատ բարձր ենք գնահատում Ադրբեջանի հետ մեր 20-ամյա համագործակցությունը:
Մենք ցանկանում ենք նրան տեսնել էլ ավելի ուժեղ, ժողովրդավարական ու անկախ և շարունակել համագործակցությունն անվտանգության, տնտեսական, էներգետիկ ոլորտներում, հնարավորինս ուժեղացնել ժողովրդավարության ոլորտները»: Նուլանդը համագործակցության մյուս առաջնահերթությունների թվում նշել է ծայրահեղականության ու ահաբեկչության դեմ պայքարը.
«Մենք նաև խոսել ենք Ադրբեջանի տնտեսության դիվերսիֆիկացման մասին՝ ոչ նավթային սեկտորը զարգացնելու և տնտեսական բարեփոխումներ իրականացնելու համար: Նախագահն անձամբ այսօր հայտարարեց, որ վճռական է տրամադրված կոռուպցիայի դեմ պայքար մղելու հարցում, որը հանդիսանում է «ժողովրդավարության մարդասպան» և զսպիչ գործոն՝ արտաքին ներդրումների համար»:
Նուլանդը շոշափել է նաև Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցը՝ չնայած նրան, որ տարածաշրջանում են գտնվում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները. «Մենք մեծապես մտահոգված ենք հակամարտության գոտում բռնությունների գրանցման կապակցությամբ: Ես այս թեմայի շուրջ բանակցությունները կշարունակեմ Հայաստանում, քանի որ կողմերը պատասխանատվություն են կրում իրավիճակի համար»: