Արմեն Ռուստամյան. «Խառնաշփոթ վիճակ է առաջանալու, որտեղ յուրաքանչյուրն ունենալու իր գործողությունները հիմնավորելու փաստարկներ»

«Պատերազմում՝ ինչպես պատերազմում: Եթե իրար պատերազմ են հայտարարում, դրան համապատասխան գործողությունների ականատես կարող ենք լինել ամեն օր: Սա ասում եմ ոչ թե այն տրամաբանությամբ, որ ժողովրդավարական, իրավական պետությանը հարիր գործընթացներ չպետք է ակնկալենք, որովհետև չունենք այն համակարգը, որ դա ապահովում է: Այս ամենը նույն համակարգի պտուղներ են: Երբ մարդիկ խոսում են չարիքների մասին, գլխավոր չարիքն այն համակարգն է, որ ծնում է այսպիսի միջավայր և բազմիցս ականատես ենք եղել, որ նման համակարգի ժամանակ այսպիսի փոխհարաբերությունները տեղափոխվում են այդ դաշտը, որտեղ անձնական թշնամանքը, հատվածական շահերը գերակա են դառնում»,- 168.am-ի հետ զրույցում  հայտարարեց ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը՝ գնահատելով ՀՀԿ-ԲՀԿ հարաերությունների սրումն ու երեկ երեկոյան ԲՀԿ-ականների հանդեպ իշխանությունների ձեռնարկած գործողությունները:

Ըստ նրա՝ շատ հաճախ խնդիր են ունենում այդ գործողությունները տեղավորել իրավական կամ օրենքի շրջանակներում: Ա. Ռուստամյանի խոսքով՝ կողմերից յուրաքանչյուրն իր տեղում ճիշտ է՝ «մեկը կասի օպերատիվ տվյալներ կան, ինչպե՞ս իրավապահները չզբաղվեն, այսինքն՝ ուզում եք պարատակե՞ք հանցագործությունը, մյուսն էլ կասի՝ եթե այդպես էր, բա լավ, ինչի՞ հիմա հիշեցիք»:

Դիտարկմանը, որ փաստորեն իշխանությունը չանսաց Ռոբերտ Քոչարյանի՝ ռեպրեսիաների չդիմելու մասին կոչին, Ռուստամյանը պատասխանեց. «Այսպիսի իրավիճակներ եղել են նաև այն ժամանակ, նույն խնդիրներն առաջացել են նաև այն ժամանակ: Մեր ասածն էլ սա է: Մենք ունեցել ենք 3 նախագահ, որոնցից ոչ մեկից մեր ժողովուրդը լիարժեք գոհ չի եղել, և այն ժամանակ էլ նույն իրավապահ մարմինների գործողությունները միանշանակ չեն ընկալվել: Սա դրա մասին է խոսում: Բազմաթիվ են եղել իրավիճակներ, որ հասարակությունը, տարբեր ուժեր տարբեր բարիկադների վրա են եղել: Չկա վստահություն, որ այն, ինչ կատարվում է պետական մարմինների կողմից, դա լիարժեք համապատասխան է անաչառության, անկողմնակալության սկզբունքներին, իսկ սրա հիմքում ընկած է համակարգը, որը դա պահպանել, սնել, մեծացրել է:

Հիմա հայտնվում են նույն համակարգի անիվների տակ ու դժգոհում են: Նույն այդ մարդիկ, որ դժգոհում են, եղել են այդ համակարգի մեջ, օգտվել են դրա պաշտպանությունից, օգտվել են շահերից ու բացարձակապես չէին դժգոհում: Բավական է, որ հայտնվեն իշխանական համակարգից դուրս ու սկսում են դժգոհել իշխանությունների գործողություններից»:

Կարդացեք նաև

«Խառնաշփոթ վիճակ է առաջանալու, որտեղ յուրաքանչյուրն ունենալու իր գործողությունները հիմնավորելու փաստարկներ»,- նշեց  Ա.Ռուստամյանը:

Տեսանյութեր

Լրահոս