Լարվածությունը խորանում է՝ պետք է սպասել հանրահավաքին և նայել հարթակի կազմին. Արզումանյան

«Սերժ Սարգսյանի՝ քաղաքականությամբ պետք է զբաղվեն քաղաքական գործիչները ուղերձը, լավն է»,- այս մասին այսօր լրագրողնրի հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ ԱԺ պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանն՝ անդրադառնալով ՀՀԿ խորհրդի նիստում Սերժ Սարգսյանի ելույթին: «Այդ ելույթից ինձ հետաքրքրում է հետևյալը՝ դա կկիրառվի՞ ողջ քաղաքական սպեկտրի վրա, քանի որ դա դրական ուղերձ է, պարզապես ճիշտ կլիներ, որ սկսվեր ինքնամաքրմամբ: Եթե այդպես լինի, դրական կարող է դառնալ դաշտի համար»,- ասաց բանախոսը:

Խոսելով փետրվարի 20-ին Ազատության հրապարակում նախատեսվող  հանրահավաքից՝ նա ասաց, թե անկանխատեսելի բարդ իրավիճակներ կարող են լինել, քանի որ ավելի է խորանում լարվածությունը:

«Տեսնում եք՝ ստուգումներ են լինում, հանձնարարականներ կան, գուցե Դատախազը հայտարարությամբ հանդես գա: Ուստի պետք է սպասել 20-ի հանրահավաքին և  նայել հարթակի կազմին«,- ասաց Արզումանյանը:

Հարցին, թե կկայանա՞ արդյոք հանրահավաքը, պատասխանեց, թե ինքը ոչ մասնակից է, ոչ էլ կազմակերպիչ և չի կարող ասել, բայց  գտնում է, որ եթե քաղաքական ուժը զբաղվում է քաղաքական գործունեությամբ, պահանջում է հրաժարական, չպետք է գնա Տարոն Մարգարյանին հարցնի՝ կարելի՞ է ցույց անել, թե՞ ոչ: «Եթե այդպես է, ի՞նչ գործ ունես քաղաքականության մեջ»,- նկատեց նա:

Մեկ այլ հարցի էլ, թե կդիմանա՞ ԲՀԿ-ն իշխանւթյան ճնշումներին՝ Ալեքսանդր Արզումանյանն արձագանքեց ասելով, թե դա ԲՀԿ-ի խնդիրն է: «ՙԱստված մի արասցե, որ նույնը գա մեր դռանը»,- ասաց Ալեքսանդր Արզումանյանը:

 

Տեսանյութեր

Լրահոս