ԲՀԿ-ն ծնվել է Բաղրամյան 26-ում Ռոբերտ Քոչարյանի քավորությամբ` я тебя породил, я тебя и убил. Ալեքսանդր Արզումանյան
ԲՀԿ-ՀՀԿ առճակատումը ՀՀ ԱԺ պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանը ներընտանեկան կռիվ է որակում և նախընտրում զերծ մնալ գնահատականներից: Այս մասին նա ասաց լրագրողների հետ զրույցում: Սակայն Ալեքսանդր Արզումանյանը նաև հիշեցրեց, որ երեք տարի է, ինչ ԲՀԿ-ն դուրս է եկել իշխանական կոալցիայից և ինքն առիթ է ունցել մի քանի տասնյակ անգամ ասելու, որ ՀՀ-ի նման երկրներում անհնար է լինել օլիգարխ և ընդդիմադիր: Նրա համոզմամբ՝ դա բացառված է:
«Կան խաղի կանոններ, որոնք ընդունենք կամ չընդունենք թելադրում են տրամաբանություն, այստեղ ինտելեկտուալ գիտելիքները կապ չունեն: Ֆիզմաթ գիտությունների դոկտոր, ՌԴ գիտությունների ազգային ակադեմիայի թղթակից անդամ Բորիս Բերեզովսկին փորձ արեց ընդդիմանալ և ճակատագիրը գիտենք, շատ լավ կրթություն ստացած Միխայիլ Խոդորկովսկին, որը ռուսաստանյան, սովետական լավագույն բուհերում ստացել էր տնտեսագետի կրթություն, նույն ճակատագրին արժանացավ: Այսինքն՝ մեր տիպի երկրներում այսպես է: Ցավալի բան է: Մարդը, որը օլիգարխ է և որի կարողությունը համադրության մեջ է երկրի պետական բյուջեի հետ, չի կարող գործել, որպես ընդդիմադիր»,- մեկնաբանեց Ալեքսանդր Արզումանյանը:
Մեկնաբանելով Իվանիշվիլի-Ծառուկյան ասոցացումները՝ Արզումանյանն ասաց, որ Իվանիշվիլին Վրաստանի օլիգարխ չի եղել, Իվանիշվիլին ռուսական օլիգարխ է, ով իր ողջ կարողությունը կուտակել է արտասահամանում և քաղաքական պայքարի եկել դրսից՝ առանց ներքին պայմանավորվածությունների, այսինքն՝ նա ծնունդը չի եղել այն սիստեմի, որից հրաժարվել է: Ինչ վերաբերում է Ուկրաինայի ներկայիս նախագահ Պյոտր Պորոշենկոյին, ով ևս օլիգարխ է եղել, Արզումանյանը նշեց, որ նա եղել է օլիգարխը Յանուկովիչի, ով ևս օլիգարխ էր, թիմում, նրա կառավարության կազմում, այդ օլիգարներն իրար մեջ բաժանել են երկիրը, խաղի կանոններ չեն խախտել իրար նկատմամբ:
«Այս պարագայում խաղի կանոն է խախտվել: Իրենք են ծնել այդ կուսակցությունը, ԲՀԿ-ն ծնվել է Բաղրամյան 26-ում Ռոբերտ Քոչարյանի քավորությամբ: Я тебя породил, я тебя и убил: Բավականին հետաքրքիր ասածվածք»,- պարզաբանեց Ալեքսանդր Արզումանյանը: