ԱԺ աշխատակազմը պատգամավորների բացակայությունների հետ կապված ուսումնասիրությունները դեռ չի ավարտել
ԱԺ աշխատակազմը պատգամավորների բացակայությունների հետ կապված ուսումնասիրությունները դեռ չի ավարտել, հետևաբար՝ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը Գագիկ Ծառուկյանին մանդատից զրկելու վերաբերյալ արձանագրություն չի ուղարկել ԿԸՀ: Այս մասին 168.am-ին ասաց ԱԺ հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության պետ Արսեն Բաբայանը:
Թե ե՞րբ կավարտվեն ուսումնասիրությունները՝Ա.Բաբայանը դժվարացավ նշել: Նա հավաստեց, որ դրանց ավարտի և ԱԺ նախագահի համապատասխան որոշման մասին հանրությանն անմիջապես կտեղեկացնեն:
Հիշեցնենք, որ ՍԴ որոշմամբ, ՀՀ Սահմանադրության 67-րդ հոդվածի պահանջներից ելնելով «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի 99-րդ հոդվածի 4-8-րդ մասերը պետք է իրավակարգավորման այնպիսի հնարավորություն նախատեսեն, որի պայմաններում օրենքով նախատեսված իրավաբանական նշանակություն ունեցող փաստն ընդունելով ի գիտություն` կազմվի արձանագրություն պատգամավորի լիազորությունները` իրավունքի ուժով դադարելու վերաբերյալ: Այսինքն, հարցը քվեարկության չի դրվելու: Անհրաժեշտ է նաև «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի 6-րդ և 99-րդ հոդվածներում փոխհամաձայնեցված հաշվի առնել այն հանգամանքը, որ պատգամավորի բացակայությունը կարող է հարգելի համարվել միայն օրենքով նախատեսված կոնկրետ հիմքերի առկայության դեպքում ու կարգով, և այն չի կարող հայեցողական գնահատման արդյունք լինել: