ՌԴ-ի խնդրանքով Շվեդիայի կործանիչները վարժանքների ժամանակ վայրէջք չեն կատարի Էստոնիայում. մամուլ
Շվեդական Expressen թերթի փոխանցմամբ՝ ռուսական կողմի խնդրանքով Շվեդիայի կործանիչները Մերձբալթիկայում կայանալիք զորավարժությունների ժամանակ վայրէջք չեն կատարի Էստոնիայում գտնվող բազայում: Թերթի տրամադրության տակ է հայտնվել Շվեդիայի ԱԳՆ-ի հուշագիրը, ըստ որի՝ շվեդական որևէ կործանիչ վայրէջք չի կատարի էստոնական տարածքում:
Նույնը վերաբերվում է Ֆինլանդիային: Թերթը հայտնում է, որ այդ մասին պայմանավորվածությունը ձեռք է բերվել Շվեդիայի ԱԳՆ-ի գլխավոր քարտուղար Անիկա Սեդերի ու Շվեդիայում Ռուսաստանի դեսպան Վիկտոր Թաթարինցևի հանդիպման ժամանակ:
Թերթն ընդգծում է, որ ռուս դեսպանին ենթադրաբար գոհացրել է շվեդական կողմի պատասխանը: Մերձբալթիկայում զորավարժություններն անցկացվելու են այս տարվա մարտին ու ապրիլին: Դրանց նախաձեռնողն ԱՄՆ-ն է: