Հետդարձ, Հայաստան
Կիրակի օրը Եռյակի առաջնորդների հանդիպման արդյունքում որոշում է կայացվել առաջիկա ուրբաթ օրը՝ փետրվարի 20-ին, հրավիրել շտապ համազգային հավաք, ինչպես նշված է երեք ուժերի տարածած հաղորդագրության մեջ՝ «քաղաքացիների հետ միասին ստեղծված իրավիճակը հանգուցալուծելու նպատակով որոշում կայացնելու համար»: Սա, իհարկե, եռյակի կողմից սպասելի քայլ էր:
Մյուս կողմից՝ քաղաքացիների հետ միասին որոշում կայացնելու դրույթը, որ տեղ է գտել Եռյակի հաղորդագրությունում, ցույց է տալիս, որ Եռյակում կամ դեռ չգիտեն հետագա անելիքները, կամ իմանալով՝ դրանք ցանկանում են ներկայացնել՝ որպես «քաղաքացիների որոշում»: Իսկ հետագա անելիքների մասով հնարավոր տարբերակները, բազմաթիվ լինելով հանդերձ, ի վերջո, կարող են հանգել տևական, անժամկետ գործողություններ սկսելուն:
Արդեն իսկ քննարկվում է ԲՀԿ-ական մի քանի պատգամավորների կողմից նստացույց և հացադուլ սկսելու, անժամկետ հանրահավաքներ կազմակերպելու հնարավորությունը: Այս ամենին զուգահեռ՝ պետական մեքենան սկսել է աշխատել Գագիկ Ծառուկյանի դեմ, նրան զրկում են պատգամավորական մանդատից, աշխատանքից արդեն իսկ ազատվել է Ծառուկյանի տարբեր օբյեկտներում պահպանություն իրականացնող մոտ 200 աշխատակից, ԲՀԿ-ական պատգամավորներն արդեն կուսակցությունից դուրս գալու դիմումներ են գրում:
Սա նշանակում է, որ իշխանությունն ինքը հրահրում է մի իրավիճակ, որ հրապարակը հանդես գա ի պաշտպանություն Գագիկ Ծառուկյանի, իսկ դա էլ իր հերթին՝ նշանակում է, որ յուրաքանչյուր նոր քայլով իշխանությունն ավելացնելու է հրապարակում հավաքվածների բազմությունն ու էներգետիկան:
Ի՞նչ է անելու իշխանությունը, եթե Ազատության հրապարակում հավաքված քաղաքացիների թիվը հասնի «կրիտիկական զանգվածի» կամ անցնի դրանից: Արդյո՞ք իշխանության հաշվարկն այն է, որ մինչ այդ ինչ-որ կերպ «կցրի» խաղաղ հանրահավաքը: Եթե՝ այո, ապա Հայաստանին շատ ծանր ժամանակներ են սպասվում:
Հ.Գ. Երեկ երեկոյան Երևանի քաղաքապետարանը հաղորդագրություն տարածեց, որում հղում անելով «Հավաքների ազատության մասին» օրենքին՝ նշվում է, թե Եռյակի հրավիրած հանրահավաքը չի կարող «շտապ» համարվել: Այսինքն՝ «ցրելու» գործընթացն արդեն սկսված է: Բարեբախտաբար, դեռևս զոհեր չկան: