
Ուկրաինայի Ազգային բանկը շրջանառության է մեջ է դնում «Մայդանի հերոսները» շարքից երեք նոր հուշադրամներ

Ուկրաինական UNIAN լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ուկրաինայի Ազգային բանկը շրջանառության է մեջ է դնում «Մայդանի հերոսները» շարքից երեք նոր հուշադրամներ: Խոսքը գնում է «Եվրամայդան», «Երկնային հարյուրյակ» և «Արժանապատվության հեղափոխություն» հուշադրամների մասին:
Դրանցից յուրաքանչյուրի անվանական արժեքը կազմում է 5 գրիվնա: Հուշադրամները կթողարկվեն 50.000-ական օրինակով: Այս մասին նշված է Ուկրաինայի Ազգային բանկի կայքում: Մետաղադրամները պատրաստված են «նոր արծաթից» (Neusilber): Դեռ հայտնի չեն, թե որքան կարժենան դրանք:
«Եվրամայդան» մետաղադրամը նվիրված է 2013 թվականի նոյեմբերից մինչև 2014 թվականի փետրվարն ընկած ժամանակահատվածում Ուկրաինայում անցկացված բողոքի ակցիաներին:
«Երկնային հարյուրյակ» մետաղադրամը նվիրված է Երկնային հարյուրյակի հերոսների հիշատակին («Եվրամայդանի» ժամանակ զոհված ցուցարարներին):
«Արժանապատվության հեղափոխություն» մետաղադրամը նվիրված է այն քաղաքացիական քաջությանն ու հայրենասիրությանը, որն Ուկրաինայի բոլոր ազգությունները ներկայացնող քաղաքացիները ցուցաբերել են մարդու իրավունքներն ու ազատությունները, ժողովրդավարության սահմանադրական սկզբունքները պաշտպանելիս, ժողովրդավարական պետության ամրապնդմանն ու զարգացմանը ձգտելիս: