ԲՀԿ-ական պատգամավոր Աբրահամ Մանուկյանի որդին հարցաքննվելուց հետո մեկնել է Հայաստանից. armlur.am
Armlur.am-ին հայտնի է դարձել, որ ԲՀԿ-ական պատգամավոր Աբրահամ Մանուկյանի որդին` Արթուր Մանուկյանը (Մարաշցի Արթուր), օրերս հրավիրվել է Ոստիկանության Կենտրոնի բաժին` հարցաքննության: Մեզ հասած տեղեկությունների համաձայն` հարցաքննությունը կապված է եղել փետրվարի 7-ին Երևանի Տոլստոյի փողոցից «Կասեցում» շարժման ԲՀԿ-ական ակտիվիստ Արտակ Խաչատրյանին առևանգելու և ծեծի ենթարկելու գործի հետ:
Հարցաքննության հաջորդ օրը ևեթ ԲՀԿ-ական պատգամավորի որդին մեկնել է Ռուսաստան: Երկրում տիրող ներքաղաքական խժդժությունների, ՀՀԿ-ԲՀԿ հակամարտության ֆոնին տպավորություն է ստեղծվում, որ իշխանություններն ամեն կերպ փորձում են ճնշել ԲՀԿ-ականներին:
Եվ քանի որ Աբրահամ Մանուկյանը Գագիկ Ծառուկյանի ամենահավատարիմներից մեկն է, ճնշումների գործընթացը սկսվում է նրանից: Այս ամենից անմասն չի մնում պատգամավորի որդին` ՀՀ նախկին ոստիկանապետ Ներսես Նազարյանի փեսան: Ստեղծված իրավիճակի կիզակետում հայտնվելուց հնարավորինս խուսափելու համար էլ, թերևս, Արթուր Մանուկյանը մեկնել է ՌԴ մայրաքաղաք, մինչև առկա լարված իրադրությունը համեմատաբար կմեղմանա:
Նշենք, որ «Ժողովուրդ» օրաթերթն ավելի վաղ հայտնել էր, որ ԲՀԿ ակտիվիստ Արտակ Խաչատրյանին առևանգելու և նրա նկատմամբ բռնություն կիրառելու մեջ պտտվում էր ԲՀԿ-ական պատգամավոր Աբրահամ Մանուկյանի անունը: Այսօր այդ վարկածը, կարծես, ավելի ամուր հիմքեր է ձեռք բերում, քանի որ փետրվարի 14-ին խուզարկություններ են կատարվել «Տեցի կռուգ»-ում գտնվող նախկին «Հայկոոպի» բազայի տարածքում, որտեղ այժմ գործում է ԲՀԿ խմբակցության պատգամավոր Աբրահամ Մանուկյանին պատկանող «Քաղաքային ունիվերսալ բազա» ՍՊԸ-ն։ Այնտեղ են ժամանել նաև ԲՀԿ խմբակցության պատգամավորներ Նաիրա Զոհրաբյանն ու Վարդան Օսկանյանը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝