
Վիկտորյա Նուլանդը գալիս է Բաքու. աղբյուր

Ադրբեջանական Turan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Վիկտորյա Նուլանդը ժամանում է Բաքու, ուր բանակցություններ է վարելու երկրի քաղաքական ղեկավարության հետ: Այս մասին գործակալությանը հայտնել են դիվանագիտական աղբյուրները:
Այցի ծրագրի մանրամասները չեն հաղորդվում, սակայն մեծ հավանականություն կա, որ ուշադրության կենտրոնում գտնվելու են երկկողմ հարաբերությունները, որոնք վատթարացել են վերջին շրջանում:
Մասնավորապես, Վաշինգտոնում գնալով ավելի համառորեն են կոչեր հնչեցնում Ադրբեջանի դեմ պատժամիջոցներ սահմանելու մասին՝ կապված մարդու իրավունքների ու ժողովրդավարության նորմերի խախտումների հետ, իսկ Բաքվում հայտարարում են, որ ԱՄՆ-ը պլանավորել է «գունավոր հեղափոխություն» իրականացնել Ադրբեջանում և ապակայունացնել իրավիճակը:
Հիշեցնենք, որ սրանից առաջ հաղորդվել էր, թե ամերիկացի կոնգրեսականները քննադատել են Ադրբեջանի իշխանություններին: