Բաժիններ՝

Հոգեպես ուժեղ մարդկանց 13 սովորությունները

Հոգեպես ուժեղ մարդիկ ունենում են առողջ և, ամենակարևորը, ճիշտ սովորություններ։
Նրանք կարողանում են կառավարել իրենց քայլերը, մտքերը և վարքը։
Հենց դա էլ նրանց առանձնացնում է մյուսներից և հաջողակ դարձնում։

Եվ այսպես՝

1. Հոգեպես ուժեղ մարդիկ իրենք իրենց խղճալու վրա ժամանակ չեն վատնում։

Նրանք երբեք ձեռքները ծալած չեն նստի ու զղջան կատարվածի համար։
Դրա փոխարեն՝ իրենց իսկ կյանքի համար պատասխանատվությունն իրենց ձեռքը կվերցնեն։

Կարդացեք նաև

Նրանք շատ լավ են հասկանում, որ միշտ չէ, որ ամեն ինչ հարթ է ընթանում, ու այս կյանքում անարդարությունները շատ են։
Պայքարել է պետք։

2. Ուժեղ ոգի ունեցող մարդիկ չեն կորցնում իրենց նկատմամբ ունեցած իշխանությունը։

Նրանք երբեք ուրիշներին թույլ չեն տալիս վերահսկել իրենց։
Այդ մարդկանցից դուք երբեք չեք լսի «իմ ղեկավարն ինձ ստիպում է անպետք աշխատող զգալ» արտահայտությունը, քանի որ նրանք հասկանում են, որ միայն իրենք են ունակ վերահսկել սեփական էմոցիաները, և իրենք ընտրություն ունեն՝ ինչպես արձագանքել այս կամ այն իրավիճակին։

3. Հոգով ուժեղ մարդիկ չեն խուսափում փոփոխություններից:

Նրանք երբեք չեն վախենում փոփոխություններից։ Դրա փոխարեն՝ այդ մարդիկ ողջունում են դրական փոփոխությունները և պատրաստ են հարմարվել։
Այդ մարդիկ հասկանում են՝ առաջ գնալու համար փոփոխություններն անխուսափելի են։

4. Նրանք էներգիա չեն ծախսում իրենց կողմից չվերահսկվող բաների վրա։

Հոգով ուժեղ մարդուց դուք երբեք չեք լսի բողոք, ասենք, կորսված ուղեբեռի կամ ճանապարհների խցանումների վերաբերյալ։
Դրա փոխարեն՝ նրանք կենտրոնանում են իրենց կողմից վերահսկելի երևույթների վրա։

5. Ուժեղ մարդիկ չեն փորձում բոլորին դուր գալ:

Նրանք հասկանում են, որ բոլորին դուր գալ հնարավոր չէ։
Այդ մարդիկ չեն վախենում ինչ-որ մեկի մերժելուց, եթե դրա անհրաժեշտությունը կա։
Նրանք աշխատում են լինել բարի և արդարամիտ, բայց գնահատում են իրենց ժամանակը և կարողանում են հարգալից կերպով մերժել խնդրանքը։

6. Հոգեպես ուժեղները չեն վախենում ռիսկի դիմելուց:

Իհարկե, նրանք չմտածված կամ հիմար քայլեր չեն անում, բայց բոլորովին դեմ չեն գիտակցաբար ռիսկի դիմել։
Ուժեղ մարդիկ կշռադատում են թեր և դեմ կարծիքները և միայն դրանից հետո կարող են ռիսկի դիմել։

7. Հոգով ուժեղները չեն կենտրոնանում իրենց անցյալի վրա:

Նրանք ընդունում են իրենց՝ անցյալում կատարած բոլոր սխալները, բայց ապրում են ներկայով և պլանավորում ապագան։

8. Ուժեղ մարդիկ նույն սխալները մի քանի անգամ չեն անում:

Նրանք միշտ պատասխանատվություն են կրում իրենց արարքների համար և սովորում են իրենց, այլ ոչ՝ այլոց սխալների վրա։
Արդյունքում՝ նրանք իրենց կատարած սխալը չեն կրկնում։
Դրա փոխարեն՝ նրանք առաջ են շարժվում և կայացնում առավել մտածված որոշումներ։

9. Ուժեղ մարդիկ չեն նախանձում այլոց հաջողություններին:

Նրանք միշտ կարողանում են ուրախանալ ուրիշի հաջողություններով և գնահատել դրանք։
Իսկ նրանք չեն նախանձում, որովհետև սեփական փորձից գիտեն, որ հաջողությունն այցելում է նրանց, ովքեր ջանասիրաբար աշխատում են։

10. Ուժեղները չեն հանձնվում 1-ին անհաջողությունից հետո։

Դրա փոխարեն՝ նրանք անհաջողությանը նայում են՝ որպես աճի և զարգացման խթանի։

11. Հոգեպես ուժեղ մարդիկ չեն վախենում մենակությունից:

Այդ մարդիկ հանգիստ են նայում մենակությանն ու չեն վախենում լռությունից։
Նրանց համար սարսափելի չէ սեփական մտքերի հետ մենակ մնալը, և նրանք կարող են միայնության մեջ անցկացված ժամանակն օգտագործել իրենց հետագա գործողություններն առավել արդյունավետ դարձնելու համար։

12. Ուժեղ մարդիկ չեն կարծում, որ ողջ աշխարհը պարտք է իրենց:

Նրանք չեն համարում, որ իրավունք ունեն ամեն ինչ անել, քանի որ չեն ծնվել այն գիտակցությամբ, որ բոլորը պետք է հոգ տանեն իրենց մասին։

Ընդհակառակը, նրանք իրենց սեփական կարողությունների և արժանիքների վրա հիմնված հնարավորություններ են փնտրում։

13. Հոգեպես ուժեղ մարդիկ վայրկենական արդյունքների չեն սպասում։

Ցանկացած աշխատանք կատարելիս նրանք չեն սպասում, որ հաջողությունը միանգամից է գալու։
Այդ մարդիկ աշխատանքի մեջ ներդնում են իրենց ողջ էներգիան և ժամանակը։
Իսկ այդ դեպքում, հավատացեք, հաջողությունը չի ուշանում:

Թարգմանությունը՝ ԳՈՀԱՐ ՍԱՎԶՅԱՆԻ

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս