
Ցանկանում եմ լսել ժողովրդի կարծիքը. Ադրբեջանում ԱՄՆ նորանշանակ դեսպան

Ադրբեջանական Turan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Ռոբերտ Սեկուտան երեկ երեկոյան ժամանել է Բաքու: Նա օդանավակայանում լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ հուսով է, որ իր առաքելության ընթացքում կամրապնդվեն ԱՄՆ-ի ու Ադրբեջանի միջև հարաբերությունները:
Սեկուտան ընդգծել է, որ ուրախ է Բաքվում գտնվելու համար և անհամբերությամբ է սպասում իր հավաստագրերն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին հանձնելու համար: Հավաստագրերը հանձնելուց հետո դեսպանը մտադիր է շրջել Ադրբեջանի շրջաններում.
«Ցանկանում եմ լսել ժողովրդի կարծիքը, ցանկանում եմ իմանալ մարդկանց կարծիքը մեր երկրների միջև կարևոր հարցերի վերաբերյալ, համագործակցության այն ոլորտների վերաբերյալ, որոնցում ներգրավված են մեր երկրները:
Վստահ եմ, որ այդ հանդիպումների հիման վրա մենք կարող ենք մեր երկրների միջև կառուցել էլ ավելի ամուր հարաբերություններ, ուժեղացնել փոխըմբռնումն ու փոխադարձ հարգանքը»:
Հիշեցնենք, որ մոտ 10 օր առաջ ադրբեջանական Yeni Müsavat թերթը գրեց, որ Բաքուն փորձում է Վաշինգտոնի հետ լարված հարաբերությունները կարգավորել հրեական լոբբիի միջոցով: