ԵՏՄ շրջանակներում խնդիրներ կան. Էկոնոմիկայի նախարար
Եվրասիական տնտեսական միության շրջանակներում խնդիրներ կան, որոնց լուծման ուղղությամբ այս փուլում քայլեր են իրականացվում: Նման հայտարարություն այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում արեց էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարտիյանը:
«Մենք որքան էլ հավաքեցինք և իրազեկեցինք գործարարներին, համարյա ամեն օր, բայց ունեցած ճանապարհային քարտեզից հետո կային ևս կատարվելիք աշխատանքներ, որոնք հիմա ընթացքում են: Էսպիսի իրավիճակում, եթե համեմատելու լինենք, ընդհանրապես կանոնակարգերի փոփոխության, պարզեցման և նոր կանոնակարգերի մտնելու առումով, ես կարծում եմ, որ մենք ոչ թե վատ, այլ շատ լավ վիճակում ենք, որովհետև տպավորությունն այնպիսին էր, որ խնդիրները կարող են ավելի շատ լինել: Բայց իրականում այդքան շատ չեն, որքան որ մենք սպասում էինք»,- ասաց Ճշմարտիյանը:
Ըստ նրա՝ առկա խնդիրները շատ կարճ ժամանակահատվածում հարթվելու են: Սակայն, բացի տեխնիկական խնդիրներից, Ճշմարիտյանի խոսքով, այսօր հայ արտահանողները նաև լուրջ խնդրի առաջ են կանգնել դեպի ՌԴ արտահանումների հարցում, և արտահանումներ գրեթե չեն կատարվում մինչև Ռուսաստանում վերջնական ճշգրտումներ չլինեն, մասնավորապես՝ փոխարժեքի հետ կապված ճշգրտումներ: Նա նշեց, որ հայ արտահանողների պայմանագրերը հիմնականում դոլարով էին, որն այս փուլում ռուսներին ձեռնտու չէ:
Թե ինչքա՞ն կկազմի ՀՀ տնտեսության վնասը մինչև խնդիրնրեը կարգավորվեն, Ճշմարիտյանը դժվարացավ պատասխանել, բայց վստահեցրեց. «Ամեն դեպքում ցանկացած առևտրական հարաբերությունների պարզեցում անհնար է, որ իր դրական ազդեցությունը չունենա, դա կլինի ԵՏՄ-ի, թե ԵՄ-ի հետ հարաբերություններում: Այդ ազդեցությունների իրական պատկերը կլինի այն ժամանակ, երբ որ կայուն իրավիճակ կլինի, որի ազդակներն արդեն կան մեր գործընկեր երկրներում: Այսօր ասել, կանխատեսել, դեռ վաղ է»: