Ռոբերտ Քոչարյանը կմասնակցի՞ մարտի 1-ի հանրահավաքին
Այսօր «Հայկական Ժամանակ» թերթը գրել է, որ եթե Սերժ Սարգսյանը հայտարարի սահմանադրական փոփոխություններին գնալու մտադրության մասին, Ռոբերտ Քոչարյանն էլ առաջիկայում կհայտարարի ակտիվ քաղաքականություն վերադառնալու մասին: Այդ տեղեկությունը թերթին փոխանցել է Ռոբերտ Քոչարյանի իշխանության տարիներին բարձր պաշտոն զբաղեցրած գործիչներից մեկը՝ նշելով, որ սահմանադրական փոփոխությունների թեման շատ հարմար է Քոչարյանի՝ ակտիվ քաղաքականություն վերադառնալու համար, և նա մտադիր է ակտիվ մասնակցություն ունենալ սահմանադրական փոփոխությունների դեմ մղվող պայքարին:
Այսօր կայանալիք ՀՀԿ ԳՄ և խորհրդի նիստում Սերժ Սարգսյանը, ամենայն հավանականությամբ, հայտարարելու է սահմանադրական փոփոխությունների գնալու մասին, և, եթե վերը նշված տեղեկությունը համապատասխանում է իրականությանը, ապա պետք է ակնկալել, որ առաջիկայում ինչ-որ կերպ կհնչի նաև Քոչարյանի՝ քաղաքականություն վերադառնալու մասին հայտարարությունը:
Մեծ հաշվով, Քոչարյանը չի էլ հեռացել քաղաքականությունից և ներկայացված է եղել առնվազն ԲՀԿ-ի հետ ունեցած առնչությամբ: Մյուս կողմից՝ սահմանադրական փոփոխությունների թեման իսկապես հարմար առիթ կարող է դառնալ նրա համար՝ քաղաքականություն վերադարձը ֆորմալացնելու: Այդ դեպքում Հայաստանի քաղաքական դաշտում բավական հետաքրքիր իրավիճակ կարող է առաջանալ:
Սահմանադրական փոփոխությունների դեմ պայքարում է նաև ոչ իշխանական ուժերի եռյակը՝ ի դեմս ԲՀԿ-ի, ՀԱԿ-ի և «Ժառանգության»: Եվ եթե Քոչարյանը քաղաքականություն է վերադառնում սահմանադրական փոփոխությունների դեմ պայքարի դրոշով, ապա նրա ու եռյակի շահերը, մեղմ ասած՝ համընկնում են:
Այսինքն՝ կարող է ստեղծվել մի իրավիճակ, որ Քոչարյանը համալրի եռյակի առաջնորդների շարքը՝ կանգնելով Գագիկ Ծառուկյանի, Լևոն Տեր-Պետրոսյանի ու Րաֆֆի Հովհաննիսյանի կողքին:
Ի դեպ, դեռևս անցած տարվա աշնանը կայացած հանրահավաքներից մեկում Տեր-Պետրոսյանը հայտարարեց, որ Քոչարյանը կապ չունի իրենց շարժման հետ, սակայն եթե նա, ինչպես նաև Արթուր Բաղդասարյանը, պայքարեն իշխանության դեմ, ապա իրենք դեմ չեն լինի: Թե կոնկրետ ինչ դրսևորմամբ կարձանագրվի Քոչարյանի վերադարձը քաղաքականություն՝ երկրորդական հարց է: Ավելի հետաքրքիր է, որ այդ դեպքում նախկին, մեղմ ասած, թշնամիներ Լևոն-Տեր Պետրոսյանն ու Ռոբերտ Քոչարյանը, «հանուն երկրի փրկության», կկանգնեն կողք կողքի՝ պայքարելով սահմանադրական փոփոխությունների դեմ:
Հետաքրքիր կլինի նաև այն, թե այդ պայքարի հաջողության դեպքում, այսինքն՝ դիցուք, արտահերթ նախագահական ընտրությունների պարագայում, ով կլինի Քոչարյան+Եռյակ ձևաչափի միասնական թեկնածուն: Ամենայն հավանականությամբ, հենց Ռոբերտ Քոչարյանը, քանի որ այլ նպատակի համար նա չի վերադառնա քաղաքականություն: Այդպիսով, ի դեպ, իրականություն կդառնա դեռևս 2008 թվականի մարտի 1-ի առավոտյան կայացած ասուլիսում Լևոն Տեր-Պետրոսյանի հայտարարությունը, թե քաղաքականության մեջ ոչինչ բացառված չէ:
Նա այդ մասին ասել էր՝ պատասխանելով հարցին, արդյոք որևէ պարագայում հնարավո՞ր է համագործակցությունը Ռոբերտ Քոչարյանի հետ:
Ի դեպ, ՀԱԿ-ը իրազեկում է ներկայացրել Երևանի քաղաքապետարան՝ մարտի 1-ին Ազատության հրապարակում՝ հանրահավաք, և Երևանի կենտրոնում՝ երթ անցկացնելու մասին: Միգուցե հենց այդ օրն էլ Քոչարյանն ազդարարի իր վերադարձը քաղաքականություն: Կյանքը ցույց տվեց, որ ոչինչ բացառված չէ: Կամ, ինչպես Րաֆֆի Հովհաննիսյանն էր ասում՝ հնարավոր է: