Արման Նավասարդյան. «Լևոն Տեր-Պետրոսյանը լավ քաղաքագետ է, խելացի, հարգում եմ նրան, բայց…»

Արտակարգ և լիազոր դեսպան Արման Նավասարդյանի գնահատմամբ՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի համահայկական հռչակագիրը հայ հասարակությանը համախմբելու առումով ժամանակին է գրվել: Նրա դիտարկմամբ՝ առաջին անգամ պատմության մեջ այս փաստաթղթով Հայոց ցեղասպանության ճանաչման և հատուցման հարցը դրվում է նման հիմքերի վրա: Ըստ նրա՝ այդ փաստաթղթի ստեղծումը գովելի է, և լավ կլինի, որպեսզի «իրար ծեծելու և գզվռտոցի փոխարեն՝ գան ընդհանուր համերաշխության, որ ունենք նման խնդիրներ»:

Պատասխանելով հարցին, թե փաստաթղթում արձանագրված դրույթները մե՞ղմ չեն, Ա. Նավասարդյանն ասաց, թե ավելի կոպիտ լինելու դեպքում «պետք է թնդանոթներ ունենայինք Թուրքիայի դեմ գնալու համար»:

Հիշեցմանը, թե ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը քննադատել է այդ փաստաթուղթը՝ նշելով, թե այն չի կարող արտահայտել հայ ժողովրդի միասնական կամքը, կամ՝ գավառամտություն է շնորհակալություն հայտնել ցեղասպանությունը ճանաչած երկրներին, այն դեպքում, երբ նրանք դա պարտավոր են անել, քանի որ Հայոց ցեղասպանությունը ոճրագործություն է, որը դատապարտելի է միջազգային նորմերով, Ա. Նավասարդյանն այսպես պատասխանեց. «Լևոն Տեր-Պետրոսյանը լավ քաղաքագետ է, խելացի, հարգում եմ նրան, բայց ամեն մարդ ունի իր մեկնաբանման տեսակետը: Նորից եմ կրկնում, որ մեծ բաներ պետք է չսպասել, բայց այս փաստաթուղթը, որ նետվել է միջազգային ասպարեզ՝ վատ չէ: Չեմ կարծում, որ վաղը պետք է լուծվի այս հարցը: Այնպես որ՝ ասել գավառամտություն՝ համարձակ կլիներ, ասել, որ մեր ժողովրդի միասնականության կամքը չէ, սա այն հարցն է, այնքան էլ այդպես չէ, քանի որ սա այն հարցն է, որի շուրջ պտտվում է արտաքին ու ներքին գոյատևման հարցը»:

 

Տեսանյութեր

Լրահոս