«Ulusalkanal»-ի մատնած անհանգստությունը
Հասկանալի է ու պարզ, որ Հայոց ցեղասպանության 100-ամյակի առիթով հրապարակված համահայկական հռչակագիրն աննկատ չէր կարող անցնել Անկարայի կողմից: Իհարկե, առաջին հերթին, ՀՀ-Սփյուռք թուրքական տարանջատման խաղերին տեղ չի մնում, բայց խորքում ամենից անհանգստացնող բաժինը Սեւրի պայմանագրին եւ Վիլսոնի իրավարար վճռին կատարված կարեւոր հղումներն են:
Այս երկու նշումները փաստորեն 100-ամյակի նախօրյակին պատրաստության ընթացքում գտնվող հատուցման իրավական թղթածրարի հստակ նախանիշեր են, որոնք միջազգային օրենքների սահմանած իրավաչափություններին ընդառաջ անպայման իրենց արձագանգումը կունենան առաջադրված թղթածրարում:
Իսկ սա իր խորքում 100-ամյակի ապահովելիք շրջադարձի կարեւորագույն կետն է: Մենք ազգովին, իբրեւ 2 պետություն եւ Սփյուռք, ամրագրել ենք մեր համաձայնությունը տարածքային պահանջատիրությունը հիմնելու Սեւրի պայմանագրի ընդհանուր պարունակում կայացած վիլսոնյան սահմանագծման վրա:
Իրադրությունները ունեն հետեւողականություն: Պատահական չէր նախագահ Սարգսյանի այցելությունը Վիլսոնի շիրիմին եւ այնտեղ կատարած հայտարարությունները. մանավանդ, ավելի ուշ, Վիլսոնի իրավարար վճռի 90-ամյակի առիթով ասվածը, թե Սեւրի պայմանագիրը շարունակում է պահել իր այժմեական եւ իրավական նշանակությունը:
Նույնքան հանգամանալի կարող է չհնչել, այսուհանդերձ աննկատ չէր կարող մնալ նաեւ հայ իրավաբանների համաժողովի, օրվա գլխավոր դատախազի այն միտքը, որը թեկուզ անձնական տեսակետի տեսքով, ընդգծում էր Հայաստանի Հանրապետության կորցրած տարածքների վերատիրացմանը նախապատրաստվելու անհրաժեշտությունը:
Հիմա, 100-ամյակի համահայկական հռչակագրով ամրագրված տարածքային հատուցումը առաջադրված իրավական թղթածրարի կարեւորագույն բաղադրիչն է: Եվ իր խորքում սա է, որ ամենից շատ անհանգստացնում է Անկարայի ղեկավարներին: Մնացյալը, ցավակցություն, ընդհանուր ցավ, նույնիսկ ցեղասպանություն եզրույթի օգտագործման պարագայական թույլտվություն, եկեղեցիների վերանորոգում, հատուցման թուրքական տարբերակի գործնականացում, քաղաքացիության վերականգնման խոստում, այդ բոլորը, բացի տարածքայինից, խուսանավելու նպատակահարմար թեմաներ են միջազգային ընտանիքի եւ հանրային կարծիքի առաջ, որոնք արծարծելով, էրդողանական համակարգը պիտի փորձի ձիթենու ճյուղի խաբկանք ստեղծել:
Տարածքային հատուցման նախաբանի թողած անհանգստությունը բացահայտել է թուրքական «Ulusalkanal» կայքը, որն անդրադարձ է կատարել հռչակագրի հրապարակմանը:
Կայքը գրում է, թե Հայկական սփյուռքը հիասթափություն ապրելով ՄԻԵԴ-ում «Փերինչեքն ընդդեմ Շվեյցարիայի» դատական գործում, իմպերիալիստ ուժերի հետ միասին նոր ուղի է բռնել: Եւ թե Համահայկական հռչակագրի օրինակը ուղարկելով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարություն` հատկապես հղում է կատարվել Սեւրի պայմանագրի եւ ԱՄՆ-ի նախագահ Վուդրո Վիլսոնի իրավարար վճռի վրա, ինչը որակվել է որպես ուղղակի հողային պահանջ Թուրքիայից:
Լրատվական կայքը գրում է, որ 10 կետից բաղկացած հռչակագիրը ուղարկվել է ՄԱԿ-ի անդամ երկրներին` որպես կոչ պատժելու Թուրքիային, պարտադրելու նրան վերադարձնելու հողերը եւ ընդունելու Հայոց ցեղասպանությունը:
Թուրքական այս կայքը հարում է Փերինչեքի պատկանած կուսակցությանը, եթե ոչ ուղղակի, ապա դրա պաշտոնական խուսափողն է իբրեւ հեռուստակայանի կայք: Այս դեպքում պարզ է Շվեյցարիայում ընթացող դատին թուրքական կողմին տված առավելությունը շեշտելը: Բայց ավելի կարեւորը, հռչակագրի ամենից անհանգստացնող բաժնի ընկալումն է: Հայկական կողմը, իբրեւ համազգային համաձայնեցված պահանջ, դիմում է միջազգային ընտանիքին, որպեսզի պատժի Թուրքիային եւ պարտադրի, որ նա տարածքները վերադարձնի Հայաստանի Հանրապետությանը:
Փերինչեքները ճիշտ են ընկալել հռչակագիրը: Այդ պատճառով էլ երկրորդական նշանակություն է ստանում Շվեյցարիայում ընթացող դատի արդյունքը: 100-ամյակի ճշտած առաջնահերթությունը որակումներից եւ եզրույթի օգտագործումներից ավելին է. դա հատուցումն է.եւ դրանում հատկապես տարածքային բաժինը:
Շահան Գանտահարյան
«Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր