Բաժիններ՝

Հանձնաժողովը գտնում է, որ հնարավոր է գազի գինը նվազեցնել

ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովն այսօր դռնփակ նիստում քննարկել է գազի սակագնի հետ կապված հարցեր: Հանձնաժողովը գտնում է, որ տարադրամի փոխարժեքի փոփոխման արդյունքում հնարավոր է գազի գինը նվազեցնել:

Գազի սակագնի վերանայման հարցով Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին կարող է դիմել ոլորտի մենաշնորհատեր «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը: Նաև ՀԾԿՀ-ն ինքը կարող է հանդես գալ նման նախաձեռնությամբ, ինչպես դա անցած տարի արեց էլեկտրաէներգիայի դեպքում:

Այս պահի դրությամբ «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը գազի սակագնի վերանայման հարցով չի դիմել ՀԾԿՀ-ին և մոտ ապագայում էլ նման մտադրություն չկա: Այս մասին 168.am-ին հայտնեց ընկերության լրատվական ծառայության ղեկավար Շուշան Սարդարյանը: «Այս պահին մեզ մոտ նման հարց չի քննարկվում»,- ասաց նա:

Միաժամանակ Շ. Սարդարյանը նշեց, որ ընկերությունն ամենօրյա մոնիթորինգ է իրականացնում՝ կապված ընկերության գործունեության և ֆինանսատնտեսական արդյունքների վրա փոխարժեքի ազդեցության հետ: Ըստ նրա՝ «Գազպրոմ Արմենիան» գազի դիմաց ռուսական «Գազպրոմին» դոլարով է վճարում. «Պայմանագիրը մատակարար կազմակերպության հետ ֆիքսված է դոլարով: Գործող սակագնում դոլարի փոխարժեքը 416 դրամից մի փոքր ավելի է: Իսկ ԿԲ-ի հրապարակած պաշտոնական թիվն այսօր բավականին տարբերվում է սակագնայինից»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս