
ԱՄՆ-ի նորանշանակ դեսպանը Բաքու կժամանի փետրվարի 12-ին

Ադրբեջանական Turan լրատվական գործակալության փոխանցմամբ` Ադրբեջանում ԱՄՆ-ի դեսպան Ռոբերտ Սեկյուտան Ադրբեջան կժամանի փետրվարի 12-ին: Այս մասին նշվել է ամերիկյան դեսպանատան թվիթերյան էջում:
Ավելի վաղ Ռոբերտ Սեկյուտան հանդիսացել է ԱՄՆ պետքարտուղարի` էներգետիկ հարցերով փոխօգնական, ինչպես նաև աշխատել է Տոկիոյում (2007-2009թթ.) ու Բեռլինում (2003-2007թթ.) ԱՄՆ-ի դեսպանատներում: Սեկյուտան Ջորջթաունի համալսարանի շրջանավարտ է:
ԱՄՆ սենատն Ադրբեջանում երկրի դեսպանի պաշտոնում Ռոբերտ Սեկյուտայի թեկնածությունը հաստատել է 2014 թվականի դեկտեմբերին: Սեկյուտան տվյալ պաշտոնում փոխարինել է Ռիչարդ Մորնինգսթարին, ով Ադրբեջանը լքել է 2014 թվականի ամռանը:
Հիշեցնենք, որ սրանից առաջ ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքն իր թվիթերյան էջում ողջունել է Հայաստանում ու Ադրբեջանում ԱՄՆ նորանշանակ դեսպաններին` ընդգծելով, որ պատրաստ է աշխատել նրանց հետ: