Հայերեն մանկական խաղ՝ iOS և Android համակարգերի համար
Համազգային հայ կրթական և մշակութային միությունը հայ երեխաների համար պատրաստել է առցանց ուսուցողական խաղ՝ iOS և Android համակարգերի համար: Ինչպես 168.am-ին հայտնեց ծրագրի պատասխանատու Արին Գալուստյանը՝ խաղի նպատակն է՝ ժամանակակից հաղորդակցության սարքերի միջոցով մանուկներին մոտ պահել հայերեն լեզվին, որը, մանավանդ Սփյուռքում, որոշ նահանջ է ապրում:
3 տարեկանից բարձր երեխաների համար նախատեսված ուսուցողական այս խաղը նպատակ ունի նաև զարգացնել երեխայի հիշողությունը, կենտրոնացումը, լեզուն, տրամաբանությունը, բազմակողմանի մտածելակերպը, ստեղծագործական կարողությունը, երևակայությունը: Խաղը հասանելի է և՛ արևելահայերեն, և՛ արևմտահայերեն տարբերակներով: Երեխաներին առցանց աշխարհում խաղալու համար ուղեկցելու են երկու հերոս՝ Լալան ու Արան, որոնք ցուցումներ են տալու՝ օգնելով երեխաներին անցնել խաղի բոլոր փուլերը: Խաղի որոշակի հատված հասու է լինելու անվճար: Ժամանակակից ձևավորմամբ հայերեն մանկական խաղերի վրա աշխատել է պրոֆեսիոնալների խումբ, իսկ ծրագիրն ավարտին հասցնելու համար Համազգային միությունը դրամահավաք է կազմակերպել Kickstarter առցանց ծրագրով՝ նպատակ դնելով 40 օրում հավաքել 15000 ԱՄՆ դոլար՝ խաղը վերջնական թողարկելու համար: 10 օրում աշխարհի տարբեր ծայրերից նշված համակարգերում ներդրվող հայկական մանկական առաջին խաղի համար առցանց հանգանակությամբ հավաքվել է 8000 ԱՄՆ դոլար: «Արան ու Լալան» անվանումով խաղի մանրամասները ներկայացված են www.lalanouaran.com կայքում: