
Հայաստանում մեկնարկել են ՌԴ Հարավային ռազմական օկրուգի հետախույզների վարժանքները

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ` Հարավային ռազմական օկրուգի (ՀՌՕ) զինծառայողները Հայաստանում` Կամհուտի բարձրալեռնային ուսումնա-մարզական համալիրում, սկսել են անցկացնել դաշտային վարժանքներ:
Այս մասին այսօր հայտնել է ՀՌՕ-ի մամլո ծառայությունը: Վարժանքներում ներգրավված է ավելի քան 600 զինծառայող ու մոտ 50 միավոր տեխնիկա: Հետախուզական ստորաբաժանման զինծառայողները տագնապի ազդանշանով ոտքի հանվելուց հետո պետք է այդ շրջանում իրականացնեն 20 կիլոմետրանոց երթ:
Դաշտային հավաքներն անցկացվելու են ամսվա ընթացքում, դրանց ժամանակ յուրացվելու են կապի, կրակային, տակտիկական, հատուկ, ինժեներային նախապատրաստության, ցերեկային ու գիշերային ժամերին տեղանքում կողմնորոշվելու հարցերով դասընթացներ: Հետախույզների դաշտային դասընթացները կավարտվեն նորմատիվների հանձնմամբ: