Զորամասի հրթիռահրետանային սպառազինության պետին մեղադրանք է առաջադրվել. գործն ուղարկվել է դատարան

ՀՀ ՊՆ N զորամասի հրթիռահրետանային սպառազինության պետին մեղադրանք է առաջադրվել: Ինչպես տեղեկանում ենք datalex դատական տեղեկատվական համակարգից, նրան մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, հանդիսանալով ՀՀ N զորամասի հրթիռահրետանային սպառազինության պետ` պաշտոնատար անձ, կատարել է իշխանազանցություն, 2010թ. մարտ-նոյեմբեր ժամանակահատվածում «Նուբարաշեն» հրաձգարանի ղեկավարման կետի աշտարակի մոտակայքից գտած ռազմական գույքը պահել է իր ավտոտնակում, «այնուհետև, նյութական օգուտ ստանալու մոլուցքով տարված, ցուցաբերելով անձնական շահագրգռվածություն, անցել է պաշտոնական լիազորությունների սահմանը` վաճառել է ռազմական գույքը»:

Բացի դա, նրան մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, հանդիսանալով պաշտոնատար անձ, զորամասի ստորաբաժանումներում սպառազինության տեխնիկական վիճակը պարզելու նպատակով չի կատարել ստուգումներ, իր զինվորական պարտքն ու գործառնական պարտականությունները կատարելու փոխարեն՝ ծառայության նկատմամբ դրսևորել է անփույթ վերաբերմունք, որով էական վնաս է պատճառել ծառայության շահերին:

Նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին: Մեղադրանք առաջադրվել է ՀՀ քրեական օրենսգրքի 2 հոդվածներով` 375-րդ հոդվածի և 376-րդ հոդվածի 1-ին մասեր` իշխանազանցություն, անփույթ վերաբերմունք ծառայության նկատմամբ: Առաջին հոդվածը նախատեսում է պատիժ` ազատազրկում երկուսից հինգ տարի ժամկետով, երկրորդը նախատեսում է զինվորական ծառայության մեջ սահմանափակում` առավելագույնը երկու տարի ժամկետով, կամ կարգապահական գումարտակում պահել՝ առավելագույնը երկու տարի ժամկետով, կամ ազատազրկում՝ առավելագույնը երեք տարի ժամկետով:

Քրեական գործն արդեն ուղարկվել է Երևանի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան. այն մակագրվել է դատավոր Վլադիմիր Գրիգորյանին:

 

Տեսանյութեր

Լրահոս