Ռուսաստանը պահում է հավասարակշռությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև` զսպելով ռազմական գործողությունների վերսկսման հեռանկարը. Ֆյոդոր Լուկիանով

«Ուկրաինական ճգնաժամի վերջնական կարգավորման մասին խոսելը դեռ վաղ է»,- 168.am-ի հետ զրույցում այս մասին ասաց «Ռուսաստանը գլոբալ քաղաքականության մեջ» ամսագրի գլխավոր խմբագիր, ռուսաստանցի հեղինակավոր վերլուծաբան Ֆյոդոր Լուկիանովը` անդրադառնալով Արևմուտք-Ռուսաստան ներկայիս բանակցություններին, որոնց հաջորդ փուլը տեղի է ունենալու Մինսկում:

Փորձագետն ասաց, որ արդեն իսկ դրական հանգամանք է այն, որ հերթական բանակցություններն են սկսվել Արևմուտքի և Ռուսաստանի միջև, որն ուկրաինական հակամարտության կարգավորման լույսը փոքր-ինչ տեսանելի է դարձնում:

Սակայն, նրա համոզմամբ, վերջնական կարգավորման մասին խոսելը դեռ վաղ է, քանի որ դեռևս ձեռքբերվելիք պայմանավորվածությունները պետք է հարգել և պահպանել: Հանգուցալուծումը, նրա համոզմամբ, կախված է այդ պատրաստակամությունից և նրանից, թե արդյո՞ք կլինի Արևմուտք-Ռուսաստան հարաբերությունների մոդելի, ձևաչափի փոփոխություն, որը ՌԴ-ն է ցանկանում, թե՞ ոչ:

Ըստ Լուկիանովի` տարիներ շարունակ Արևմուտքը հաշվի չի առել ՌԴ հետաքրքրություններն ու շահերը, որն էլ հանգեցրեց այս հակամարտությանը, ուստի պետք է պատճառը վերանա, որպեսզի հակամարտությունը կարգավորվի: Սակայն նա հորդորեց սպասել բանակցությունների ավարտին՝ վերջնական գնահատականների համար:

Անդրադառնալով ԼՂ հակամարտության գոտում ստեղծված իրավիճակին և սահմանային լայնամասշտաբ սադրանքներին Ադրբեջանի կողմից` Լուկիանովն ասաց, որ չի բացառվում, որ Ադրբեջանը փորձում է օգտվել աշխարհում ստեղծված իրավիճակից և Արևմուտք-Ռուսաստան հարաբերությունների ճգնաժամից:

Սակայն, նրա խոսքով, Ռուսաստանն այդ հակամարտության գոտում ստատուս-քվոյի պահպանման կողմնակիցն է, քանի որ կողմերը հակամարտության կարգավորման համար պատրաստ չեն զիջումների գնալ: Ռուսաստանը, Լուկիանովի դիտարկումներով, Հայաստանի դաշնակիցն է, անվտանգության երաշխավորը, ինչը չի նշանակում, թե Ռուսաստանը չպետք է հավասարակշիռ հարաբերություններ ունենա Ադրբեջանի հետ:

Նրա համոզմամբ` ՌԴ ներկայիս քաղաքականությունը ԼՂ հակամարտության գոտում կարելի է բացատրել այսպես. այս գոտում ռազմական գործողությունների չվերսկսման համար ՌԴ-ն պահում է հավասարակշռությունը հակամարտող կողմերի միջև` դրանով իսկ զսպելով կողմերին: Ըստ նրա, ՌԴ-ն՝ որպես ՀՀ անվտանգության երաշխավոր, պետք է պահպանի Ադրբեջանի հետ հարաբերությունները՝ չնեղացնելու համար ազդեցության իր հնարավորությունները:

Տեսանյութեր

Լրահոս