Բողոքի ակցիայի մասնակիցներից շատերը չգիտեն` ինչի համար են հավաքվել (տեսանյութ)
Ընդդեմ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության քաղխորհրդի անդամ, «Կասեցում» նախաձեռնության ակտիվիստ Արտակ Խաչատրյանի առևանգման և դաժան ծեծի այս պահին ՀՀ կառավարության շենքի առջև բողոքի ակցիա է ընթանում:
Հիշեցնենք, որ Արտակ Խաչատրյանին առևանգել էին սև դիմակներով, ավտոմատներով զինված երեք անհայտ անձինք, նրան դաժան ծեծի էին ենթարկել, այնուհետև բերել ու ծեծված վիճակում թողել էին Արտակենց տան մոտ:
Բացի քթի ջարդվածքներից, բժիշկները Արտակի մոտ հայտնաբերել էին թոքերի սալջարդ, ինչի հետեւանով թոքերում օդ է հավաքվում: Արտակը երեկվանից Մալաթիա բժշկական կենտրոնի վերակենդանացման բաաժնում էր, նրան վիրահատել են: Երեկ Արտակին տեսակցելու էր գնացել ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը:
Այս պահին մեկնարկած բողոքի ակցիայի մասնակիցներից շատերին Կառավարության շենքի մոտ էին բերում «Բարգավաճ Հայաստանի» անվճար ավտոբուսներով:
Նրանցից շատերը, սակայն, 168.am-ի թղթակցի հետ զրույցոււմ նույնիսկ չգիտեին, թե ինչի համար են եկել այդտեղ: Մի տղամարդ նույնիսկ ասել է, թե խոստացել են մեկ շիշ օղի տալ:
168.am-ի թղթակիցը կրկին փորձեց ակցիայի մասնակիցներից ճշտել հավաքի նպատակը: Շատերը չէին կարողանում հարցին պատասխանել: Այդ պահին մասնակիցներից մի կին կանչեց Ալեքսանդր Մանուկյան անունով մի երիտասարդի, ով ներկայացրեց բողոքի ակցիայի նպատակը.
«Հավաքի նպատակն այն է, որ մենք յուրաքանչյուրս դատապարտում ենք Արտակ Խաչատրյանի հետ տեղի ունեցածը, և դա կապված է ոչ միայն Արտակի, այլ յուրաքանչյուր քաղաքացու հետ»:
Մեր թղթակցի հարցին` ինչու հավաքվածներից շատերը չգիտեն` ինչի համար են եկել այստեղ, նա պատասխանեց.
«Ճիշտն ասած, դուք լրագրող եք և ավելի լավ կպատկերացնեք` ով, ինչ ոնց է պատկերացնում: Ամեն մեկը եկել է իր կամքի, իր նպատակների ու մտքերի համար: Ես և իմ մտերիմները կոնկրետ եկել ենք Արտակ Խաչատրյանի համար»:
Նշենք, որ այստեղ է նաև ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Օսկանյանը, որը, նախ, մերժեց պատասխանել լրագրողների հարցերին, ապա ասաց.
«Սա պատերազմ է մարդկանց դեմ, ոչ թե կոնկրետ կուսակցության»: Ըստ Օսկանյանի` տեղի ունեցածի համար պատասխանատուն ՀՀ իշխանությունն է:
Լրագրողներից մեկի հարցին, ինչո ՞ւ Գյումրիում տեղի ունեցած դաժան սպանություններից հետո նման ընդվզում ԱԺ պատգամավորների կողմից տեղի չունեցավ, ինչպես ԲՀԿ քաղխորհրդի անդամի նկատմամբ տեղի ունեցած բռնության դեպքում է, Օսկանյանն ասաց.
«Բացարձակապես կապ չունի, որ ԲՀԿ անդամի նկատմամբ է այդ բռնությունը տեղի ունեցել: Այս բոլլորը կուտակվել են, և գալիս է մի պահ, երբ զգում ես, որ սա աշխատելաոճ է դարձել: Սա ժողովրդական ընդվզում է և ոչ թե կուսակցական: Սա մարտահրավեր է հայ ժողովրդին, սա արդեն վերջն է: Այսօր ժողովրդական ընդվզման օր է»:
Հարցին` արդյոք այսօր այստեղ լինելո ՞ւ է ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը, Վ. Օսկանյանը պատասխանեց, որ տեղյակ չէ:
Հիշեցնենք, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության քաղաքական խորհուրդը հայտարարություն էր տարածել Արտակ Խաչատրյանի առևանգման և ծեծի ենթարկելու վերաբերյալ։
Հայտարարությունում մասնավորապես, ասվում էր.
«Երեկ՝ փետրվարի յոթին, մի խումբ դիմակավոր անձիք, ինքնաձիգով զինված, Երևան քաղաքի կենտրոնից առևանգել եւ մոտ հինգ ժամ դաժան ծեծի են ենթարկել «Կասեցում» շարժման ակտիվիստ, ԲՀԿ քաղխորհրդի անդամ Արտակ Խաչատրյանին:
Մենք սա գնահատում ենք որպես քաղաքական ուժերին և հասարակությանն ուղղված լկտի եւ ցինիկ մարտահրավեր:
Միանշանակ է, որ կատարվածի ամբողջ պատասխանատվությունն ընկնում է երկրի քաղաքական իշխանության վրա: Երկրում ստեղծված գանգստերական մթնոլորտի և ամենաթողության հիմնական մեղավորը համարում ենք երկրի բարձրագույն քաղաքական իշխանությանը, ովքեր կրում են նաև անձնական պատասխանատվություն այս ամենի համար:
Երկրում կուտակված խնդիրները լուծելու, պետության և ժողովրդի առջեւ ծառացած ծանրագույն մարտահրավերները դիմագրավելու, երկրում ներքին համերաշխության մթնոլորտ ապահովելու փոխարեն քաղաքական իշխանությունն ընտրում է դարանակալած առևանգման, թիկունքից հարվածելու, ծեծի թուլամորթ գործելաոճը:
Անհապաղ պահանջում ենք իրավապահ մարմիններից՝ ամենասեղմ ժամկետներում բացահայտել այս և վերջին շրջանի բոլոր պատվիրված հարձակումները քաղաքական, հասարակական գործիչների եւ ակտիվիստների վրա:
Երեկ ամբողջ օրը Հայաստանի բոլոր մարզերից, քաղաքներից մենք ստացել ենք ԲՀԿ կառույցների, համաժողովրդական շարժման գրասենյակների և բազմաթիվ քաղաքացիների առաջարկները՝ Հայաստանի տարբեր ծայրերից անմիջապես տասնյակ հազարներով շարժվել դեպի Երևան: ԲՀԿ քաղխորհուրդն այս պահին խնդրում է ձեռնպահ մնալ նման քայլերից:
Միևնույն ժամանակ մենք կոչ ենք անում գրասենյակների ներկայացուցիչներին և մեր ակտիվիստներին՝ կտրուկ ակտիվացնել աշխատանքները տեղերում՝ ժողովրդի մեջ, համաժողովրդական ընդվզման միասնական օր անցկացնելու համար: Թող որեւէ մեկի մտքով չանցնի, թե Արտակ Խաչատրյանի և մյուս քաղաքական-հասարակական ակտիվիստների դեմ բռնությունները մնալու են անպատիժ: Պատժվելու են թե՛ կատարողները, թե՛ պատվիրատուները: Եթե դա չի անում իրավապահ համակարգը, ապա դա անելու է ժողովուրդը:
Ակնհայտ է, որ իշխանությունները կորցնում են իրականության զգացումը և առաջնորդվում են բացառապես հոգեվարքային քայլերով:
ԲՀԿ քաղխորհուրդը առաջարկում է ԲՀԿ ԱԺ խմբակցությանը՝ մինչև դեպքի լիակատար բացահայտումը, մինչեւ մեղավորներին պատժելը՝ քննարկել Ազգային Ժողովի աշխատանքները բոյկոտելու հարցը, սկսել անհապաղ խորհրդակցություններ ԱԺ այլ խմբակցությունների հետ՝ համակարգելու առաջիկա միասնական քայլերը»: