
Ռուսաստանն ու Թուրքիան համաձայնեցրել են «Թուրքական հոսք» գազատարի ցամաքային հատվածը

Ռուսական ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ` ռուսական «Գազպրոմ» ընկերությունն ու Թուրքիան համաձայնեցրել են «Թուրքական հոսք» գազատարի ցամաքային հատվածը:
Այս մասին հայտարարել է «Գազպրոմի» ղեկավար Ալեքսեյ Միլլերը, ով երեկ բանակցել է Թուրքիայի էներգետիկայի ու բնական պաշարների նախարար Թաներ Յըլդըզի հետ.
«Այժմ հստակեցվել ու քարտեզի վրա գծվել է «Թուրքական հոսք» գազատարի նաև ցամաքային հատվածը` հետագա նախագծման ու աշխատանքների համար: Եվ դա գլխավորն է:
Ցամաքում գազատարի երկարությունը կազմում է 180 կիլոմետր: Ցամաք դուրս գալու կետերը գտնվելու են Քայաքյոյ բնակավայրի շրջանում` նախատեսված թուրք սպառողների համար և Էպսիլայի շրջանում` թուրք-հունական սահման դուրս գալու համար»:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Գազպրոմը» թուրք-հունական սահման է մատակարարելու 47 միլիարդ խորանարդ մետր: