Բաժիններ՝

Արտակ Խաչատրյանի գլխին դիմակ են հագցրել ու հերթափոխով ծեծել են

Քիչ առաջ «Կասեցում» նախաձեռնոթյան անդամ Արտակ Խաչատրյանի եղբայրը՝ Արտյոմ Խաչատրյանը 168.am-ին տեղեկացրեց, որ Արտակին այժմ տանում են վիրահատարան՝ քթի կոտրվածքները վիրահատելու համար: Նա նաև նշեց, որ առավոտյան խոսել է եղբոր հետ, նրա գիտակցությունը տեղն է, ադեկվատ խոսում է: Արտյոմի խոսքով՝ երեկ գիշերվանից ոստիկանները Արտակին հսկում են:

Հիշեցնենք, որ երեկ առավոտյան ժամը 12:30-ի սահմաններում «Կասեցում» նախաձեռնության անդամ Արտակ Խաչատրյանին 3 դիմակավոր ու ավտոմատներով զինված անձինք առևանգել էին, իսկ ժամը 18:30-ի սահմաններում բերել ու ծեծված վիճակում թողել են Արտակենց բնակարանի մոտ: Արտակն ունի կոտրվածքներ ու այժմ գտնվում է Մալաթիա բժշկական կենտրոնում: Հիշեցնենք նաև, որ Ա. Խաչատրյանը ԲՀԿ անդամ է:

Հարցին՝ ի՞նչ է պատմում Արտակը դեպքի հետ կապված, Արտյոմը պատասխանեց, որ ինքը չի ուզում եղբորը ծանրաբեռնել ու այդ մասին շատ հարցեր չի տվել նրան.

«Վերակենդանացման բաժանմունքում չեն թողնում այդքան մտնենք-դուրս գանք, մի երկու րոպեով են թողնում: Բացի այդ՝ ես, հաշվի առնելով իր հոգեկան վիճակը, շատ չեմ ծանրաբեռնում: Թող վիրահատվի, տեսնենք, եթե գիշերն ավելի հանգիստ վիճակ լինի, կխոենք հետը:

Ամեն դեպքում, երեկա իր ասածով՝ իր գլխին էլ է դիմակ քաշած եղել, ինքը չի իմացել՝ իրեն ուր են տարել, գիտի, որ հաստատ մի քանի հոգի են եղել, ոչ թե երկու կամ երեք, ու ծեծել են հերթափոխով: Ինքը դա խոսակցություններից է հասկացել»:

Մեր հարցին` նրան ինչ-որ բան չե՞ն ասել, ինչ-որ մեկից հաղորդագրություն չե՞ն ուղարկել, Արտյոմը պատասխանեց, որ չգիտի, քանի որ այդ մասին Արտակը ոչինչ չի ասել:
Նա նաև տեղեկացրեց, որ դեռ պարզ չէ՝ որքան ժամանակ Արտակը կմնա հիվանդանոցում. «Կվիրահատեն, հետո բժիշկները կասեն»:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս