Բաժիններ՝

Ռուզան Բադալյան. «Նա երբևէ որևէ անգամ ինձ հնարավորություն չի տվել իր հետ գնալ Նոր Զելանդիա ու երեխային միասին մեծացնել»

Օրերս տեղական և արտերկրի հեղինակավոր մի շարք լրատվամիջոցներ ներկայացրել էին Bring Leo Home դրամահավաքի պատմությունը, որը նախաձեռնել էր Երևանում Դաունի համախտանիշով ծնված երեխայի հայրը՝ նրան Նոր Զելանդիա տանելու և այնտեղ խնամքը կազմակերպելու համար:

Հիշեցնենք, որ հայ մայրիկի և նորզելանդացի հայրիկի երեխան` Լեոն, ծնվել էր Դաունի համախտանիշով, ինչից հետո հայ մայրիկը հրաժարվել էր իր երեխայից, իսկ նորզելանդացի հայրիկը հայտարարել է, որ չի պատրաստվում նույնը անել, և որպես միայնակ հայր կպահի ու կմեծացնի իր որդուն: Հայրը դրամահավաք էր սկսել Bring Leo Home խորագրով և արդեն հազարավոր դոլարների նվիրատվություն ստացել: Անհրաժեշտ 60 հազար դոլարի փոխարեն 9 օրվա ընթացքում հավաքվել է ավելի քան 215 հազար դոլար: Երեխայի հայրը՝ Սեմյուել Ֆորրեսթը Disabilityinfo-ի հետ զրույցում իրավիճակը ներկայացնելիս ասել էր, որ հայ ծնողները կարծրատիպեր ունեն իրենց երեխաների նկատմամբ, և եթե երեխան չի համապատասխանում դրանց, պարզապես հրաժարվում են նրանից. «Հիվանդանոցում, որտեղ տղաս ծնվել է, նշեցին, որ Դաունի համախտանիշ ունեցող երեխաների 98%-ից ծնողները հրաժարվում են: Կարծում եմ` հայ ծնողները կարծրատիպեր ունեն իրենց երեխաների նկատմամբ. նրանք իրենց երևակայության մեջ գծում են իրենց իդեալական երեխային, և երբ նորածինը չի համապատասխանում դրան, կարող են լքել նրան: Ուսումնասիրելուց հետո հասկացա, որ սա բնորոշ է ոչ միայն Հայաստանին, այլև նախկին ԽՍՀՄ այլ երկրների: Բացի դրանից, ծնողները վախենում են հասարակական կարծիքից»,- ասել էր նա:

Ruzan-Badalyan-Forrest22

ABC-ի լրագրողին Սեմյուել Ֆորրեսթը հայտնել էր, որ իր կինը, այսինքն երեխայի մայրը՝ Ռուզան Բադալյանը, իրեն ընտրության առաջ է կանգնեցրել` կամ երեխայից պետք է հրաժարվեն, կամ` բաժանվեն: Ռուզան Բադալյանը հաստատել էր սա:

Սեմյուել Ֆորրեսթը խոստովանել է, որ նորությունը լսելուց հետո ինքը նույնպես շոկ է ապրել, սակայն հետո մտել է սենյակ որդուն տեսնելու.  «Ես նայեցի այս երիտասարդի վրա և ասացի. Նա գեղեցիկ է, նա հիանալի է, և ես միանշանակ վերցնում եմ նրան»:

Ժամեր առաջ երեխայի մայրը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել.

« Հունվարի 21-ը կյանքիս ամենաերջանիկ օրն էր, որովհետև վերջապես ծնվեց այդքան երկար սպասված բալիկս։ 06․30-ն էր, որ տղաս ծնվեց, ու այդ պահից ի վեր միայն հիշում եմ բժիշկների տագնապած դեմքերը։

Ruzan-Badalyan-Forrest1

Ruzan-Badalyan-Forrest

Արթնացել եմ մի քանի ժամ անց նարկոզից հետո։ Առաջին հարցս բնականաբար եղել է, որտեղ է երեխան։ Ու հիշում եմ իմ կողքին հավաքված հարազատներիս ու բժիշկների տխուր դեմքն ու դատավճռի նման հնչած խոսքերը «Երեխան դաունի սինդրոմ ունի»։ Թե ինչ եմ ապրել էդ րոպեին, թող դա մենակ ինձ հայտնի մնա։

Դեռևս շոկի մեջ էի, երբ եկավ բժիշկն ու խնդրեց որոշում կայացնել, եթե երեխային չեմ վերցնելու, ինձ ու փոքրիկին չտանջելու համար Լեոյին չբերեն մոտս։ Կյանքիս ամենադաժան որոշումը, որ ես պետք է կայացնեի առավելագույնը մի քանի ժամվա ընթացքում։

Առաջինը, որ ես մտածեցի երեխայի հիվանդության մասին լսելուց հետո, որ չեմ ուզում, որ իմ երեխան ապրի կարծրատիպերով խեղդված մեր երկրում, ուր չկան նման երեխաների համար որևէ հնարավորություններ: Ես ուզում եմ, որ նա լինի հասարակության մեջ ներգրավված ու ընդունված, ինչը մեր երկրում իրականություն դառնալու համար տարիներ ու տարիներ են պետք:

Ես տեսա բժիշկների հայացք փախցնելը, հարազատներիս լացակումած դեմքը,ստացա ցավակցական զանգեր, ու հասկացա, որ փոքրիկի համար քիչ թե շատ վայելուչ կյանք ապահովելու համար հարկավոր է, որպեսզի նա տեղափոխվի Նոր Զելանդիա, որտեղից նրա հայրն է: Այն, որ Նոր Զելանդիայում երեխայի կյանքն ավելի լավը կլինի, չէր ժխտում նաև իմ ամուսինը, որ իր բոլոր հոդվածներում գրում է, որ հասկանում է` Հայաստանում փոքրիկը չի կարող ունենալ իրեն արժանի կյանքը։

Ծննդաբերությունից մի քանի ժամ անց, ես ոչ թե ուրախանում էի իմ երեխայի ծնունդով, այլ փորձում էի հավաքել իմ ողջ ուժն ու որոշում ընդունել։ Բոլորս էլ այդ պահին հասկանում էինք, առաջնայինը երեխայի ճակատագիրն է, ու բոլորս էլ հասկանում էինք, երեխային պետք է տանել Հայաստանից։ Սեմի պատասխանը եղել է, այո, իհարկե, երեխային տանելը միակ ճիշտ ճանապարհ է, սակայն երբ ու ինչպես-ի իմ հարցերը նա անպատասխան թողեց: Իմ կյանքի ամենադաժան ու պատասխանատու պահին, երբ ինձ վրա ահռելի ճնշում էր, երբ գտնվում էի աննկարագրել սթրեսի ու հոգեկան ծանր վիճակում, երբ ինձ ընդամենը պետք էր մի քաջալերող հայացք ու ժպիտ իմ ամուսնու կողմից, որ ես քո կողքին եմ, որ ամեն ինչ լավ կլինի, ես ստացա միայն մեղադրական ծանր խոսքեր, որից հետո նա հեռացավ հիվանդանոցից ու այլևս իմ երկխոսության գնալու բոլոր փորձերը նրա հետ անհաջողության մատնվեցին։

Նա երբևէ որևէ անգամ ինձ հնարավորություն չի տվել իր հետ գնալ Նոր Զելանդիա ու երեխային միասին մեծացնել, անգամ բաժանման դիմումը հանձնելու օրը ոչինչ չի ասել։ Միակ բանը, որ նրանից լսել եմ, այն է եղել, որ չի ուզում ամուսնալուծվել, իսկ իմ հարցին թե ինչ է առաջարկում, ինչ կարող ենք անել, եղել է քար լռությունը։ Ես բազմիցս փորձել եմ երկխոսության գնալ, փորձել համատեղ լուծումներ գտնել, սակայն որևէ արձագանք նրա կողմից չեմ ստացել։

Իմ ետևում ունենալով մեր 1,5 տարվա ամուսնությունը, որի ընթացքում նա աշխատել է ընդամենը 5 ամիս, իսկ մնացյալ ժամանակ մենք ապրել ենք իմ հայրական տանը, ու չնայած իմ բոլորն հորդորներին, իրականում որևէ քայլ չի ձեռնարկել աշխատանք գտնելու համար, հասկանալով, որ ապագայում ևս ես չեմ կարող հուսալ, որ նա կկարողանա թիկունք լինել ինձ, իսկ իմ 80,000 դրամ աշխատավարձը երբևէ չէր բավարարի երեխային պատշաճ կյանք ապահովելու համար, կանգնեցի սարսափելի երկընտրանքի առջև․ երեխային խնամել միայնակ Հայաստանում, թե մի կողմ դնել իմ մայրական զգացմունքը և երեխային հնարավորություն տալ բարեկեցիկ կյանք ունենալ Նոր Զելանդիայում իր հոր հետ: Ես ընտրել եմ երկրորդ տարբերակը»:

Պատրաստեց՝ 168.am-ը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս