Ուկրաինան Վիկտոր Յանուկովիչի արտահանձնման հարցով դիմել է Ռուսաստանին
ZN.UA-ի փոխանցմամբ՝ Ուկրաինայի գլխավոր դատախազ Վիտալի Յարեմը Գերագույն ռադայում այսօր հայտարարել է, որ արդեն իսկ դիմել է Մոսկվային՝ խնդրելով արտահանձնել Վիկտոր Յանուկովիչին ու նրա հանցավոր թիմակիցներին.
«Ես դիմել եմ Ռուսաստանի գլխավոր դատախազ Չայկային՝ խնդրելով, որ նրանց արտահանձնեն Ուկրաինային: Մի քանի օր առաջ Յանուկովիչի նկատմամբ հայտարարվել է կասկած 255-րդ հոդվածով՝ հանցավոր խմբավորման ստեղծում: Մենք դրա շրջանակներում գործերը կուղարկենք դատարան և նրանց կենթարկենք պատասխանատվության»:
Հիշեցնենք, որ սրանից առաջ Կիևյան դատարանն արտոնել է Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչին ու նախկին վարչապետ Նիկոլայ Ազարովին կալանքի տակ վերցնելը: Բացի այդ, Ուկրաինայի խորհրդարանը Յանուկովիչին զրկել է նախագահի կոչումից: