«Այո, եղել է հանդիպում Բակո Սահակյանի հետ, բայց յուրաքանչյուրը մնացել է իր կարծիքին». Վարուժան Ավետիսյան (տեսանյութ)
Արցախի հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցում մեկնաբանելով Բերձորի մոտ հունվարի 31-ին տեղի ունեցած իրադարձությունները՝ ԼՂՀ փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանն օրերս ասել էր, որ Բերձորի դեպքերից առաջ Հիմնադիր խորհրդարանի անդամներ Ժիրայր Սէֆիլյանին, Պավլիկ Մանուկյանին և Էմիլ Աբրահամյանին ընդունել է ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը: Այդ հանդիպմանը ներկա են եղել նաև ԼՂՀ ոստիկանապետը, գլխավոր դատախազը, ԱԱԾ պետը, ԱԱՄ նախագահը, փոխվարչապետը: Ա. Աղաբեկյանի խոսքով՝ այդ հանդիպումը եղել է ոչ թե պաշտոնական, այլ հանդիպում՝ մարտական ուղի անցած մարդկանց միջև: «Նախագահը երկար խոսեց, բացատրեց, որ աշխարհի ամբողջ հայությունը շատ ուշադիր է Արցախի հանդեպ, որ այստեղ տեղի ունեցող ամեն մի իրադարձություն, այստեղից հնչած ամեն մի հայտարարություն, կարծիք ու արտահայտություն լուրջ արձագանք է գտնում հայության մոտ»,- ասել էր Ա. Աղաբեկյանը:
Փոխվարչապետի փոխանցմամբ՝ զրույցի վերջում եկել էին ընդհանուր հայտարարի. խումբը համաձայնել էր Արցախի տեսակետի հետ: «Սակայն հաջորդ իսկ օրը մենք տեսանք բոլորովին այլ հայտարարություններ, կոչեր, արտահայտություններ՝ սոցիալական ցանցերում, լրատվական կայքերում, և այլն»,- հեռուստահարցազրույցի ընթացքում պատմել է փոխվարչապետը:
Այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ 168.am-ը Հիմնադիր խորհրդարանի անդամ Վարուժան Ավետիսյանից հետաքրքրվեց՝ ինչպե՞ս է դա եղել, և արդյոք ինքը համաձայն չէ՞, որ այս իրադարձությունները, կարծես, Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հարաբերությունների միջև սեպ խրելուն միտված քայլ է: Նա պատասխանեց, որ պետական պաշտոնյաները պարտավոր են գործել միայն օրենքի համաձայն և հղում կատարել միայն օրենքին, իսկ օրենքով երթն արգելված չէ: «Ո՞վ է խնդրել, ինչի՞ համար է խնդրել, ի՞նչ նպատակով է խնդրել, դրանք անգամ տասներորդական երևույթներ են: Այո, նման բան եղել է, եղել է հանդիպում Բակո Սահակյանի հետ, բայց յուրաքանչյուրը մնացել է իր կարծիքին»,- ասաց Վ. Ավետիսյանը:
Լրագրողներից մեկի հարցին՝ երթից առաջ Հիմնադիր խորհրդարանի կողմից հաշվի առնվե՞լ են այն հնարավոր հետևանքները, որ կարող էին տեղի ունենալ, Վ. Ավետիսյանը պատասխանեց, թե իրենց տեղեկություն էր հասել, որ իշխանությունները մարդկանց որոշակի խմբի գրգռել են իրենց դեմ և նրանց մեջ խցկել են ոստիկաններ և քաղաքացիական հագուստով սադրիչներ ու պատրաստվում են բախում սադրել.
«Մենք դրան էինք պատրաստ և պատրաստվել էինք, որ բարձրախոսով կխոսենք մարդկանց հետ, իրար կհասկանանք, եթե չհասկանանք, բնականաբար, բախման չենք գնա, հետ կգանք: Մենք չէինք կանխատեսել, որ բացահայտ կերպով պետական ահաբեկչություն կիրականացվի՝ Բաղրամյան 26-ի և նրա ստեփանակերտյան մասնաճյուղի պլանի համապատասխան»:
Դիտարկմանը՝ հանրապետականների և մի շարք այլ կուսակցությունների ներկայացուցիչներ, փորձագետներ նշում են, որ, եթե պայքարում էին հայաստանյան իշխանությունների դեմ, ինչո՞ւ են Արցախի ժողովրդին խառնում, Վ. Ավետիսյանն այսպես պատասխանեց.
«Ստեփանակերտի ռեժիմը երևանյան ռեժիմի մասնաճյուղն է, իսկ Հանրապետական կուսակցությունը Հայաստանում իշխանությունը յուրացրած համակարգի հիմնական բաղադրիչներից մեկն է, և այդ կուսակցության վերնախավը քրեական հանցագործություն է կատարել և կատարում է շարունակաբար, որովհետև բռնությամբ, խաբեությամբ և կեղծիքով հայ ժողովրդի իշխանությունը յուրացնելու գործին մասնակցել է և մասնակցում է»:
Հարցին՝ ԼՂՀ իշխանություններին ձեռնտո՞ւ էր տեղի ունեցածը, Վ. Ավետիսյանն այսպես արձագանքեց. «Այդ հարցը տրամաբանությունից դուրս է: Իրենք պահանջեցին, որ մենք հեռանանք, իսկ մենք էլ շուռ տվեցինք ավտոերթը և պատրաստվում էինք հեռանալ: Բայց դրանից հետո, առանց որևէ բանի, նրանք հարձակվեցին մեզ վրա»:
Մանրամասները՝ տեսանյութում: