Փարավոն Միրզոյանը չի հեռացել Ազգային Պատկերասրահից
Հայաստանի Ազգային Պատկերասահից 168.am-ին հայտնեցին, որ Պատկերասրահի տնօրեն Փարավոն Միրզոյանը ոչ թե ազատվել է աշխատանքից, ինչպես նշում են ոմանք, այլ՝ ըստ կարգի, թոշակի է անցել, քանի որ լրացել է նրա 65-ամյակը:
Փարավոն Միրզոյանն այժմ խորհրդական է աշխատում Հայաստանի Ազգային Պատկերասրահում, իսկ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել պատկերասրահի գիտական գծով փոխտնօրեն Հայկանուշ Հակոբյանը:
Նոր տնօրենի նշանակման համար հայտարարվելու է մրցույթ, որի համար, ինչպես մեզ հայտնեցին Մշակույթի նախարարությունից, 6 ամիս ժամկետ է սահմանված: Առայժմ շրջանառվող հիմնական թեկնածուների անուններ չկան, թերևս միայն մեկից՝ Փարավոն Միրզոյանի մտերիմ ընկեր, բանաստեղծ Հովիկ Հովեյանի անունից:
Մեր այն հարցին, առաջադրելո՞ւ է իր թեկնածությունը Ազգային պատկերասրահի տնօրենի պաշտոնի համար անցկացվելիք մրցույթում, Հովիկ Հովեյանը պատասխանեց, որ իրեն ոչինչ չեն ասել, և չնայած մրցույթ է հայտարարվելու, բայց սովորաբար նման դեպքերում նախարարը կամ ավելի բարձր պաշտոն ունեցող մեկը նշանակում է ինչ-որ մեկին:
Մեկ այլ հարցի, թե ինչո՞ւ է շրջանառվում իր անունը, Հովիկ Հովեյանը պատասխանեց, թե Ազգային գրադարանի տնօրենի նշանակման ժամանակ էլ էր իր անունը շրջանառվում. «Երկրում առհասարակ, կադրերի պակաս կա, երևի դրանից է:
Բայց ես չեմ ուզում քավության նոխազ դառնալ, ես աշխատանք ունեմ, աշխատում եմ»: Հիշեցնենք, որ Հովիկ Հովեյանը մեկ այլ՝ Հայաստանի Ժողարվեստի թանգարանի տնօրենն է: Պատասխանելով մեր հարցին, թե ինքը ո՞ւմ է տեսնում Ազգային Պատկերասրահի տնօրենի պաշտոնում, Հովիկ Հովեյանն ասաց. «Ես այս պահին տեսնում եմ Պաուլո Կոելոյի գիրքն ու իմ ծխամորճը», և ավելացրեց, որ միայն տաղանդավոր արվեստագետ լինելը բավարար չէ նման պաշտոնների համար, պետք է լավ կազմակերպիչ լինել, որպեսզի կարողանալ հանրահչռակել արվեստը: